Բակո Սահակյանը դիտողություն է արել Գառնիկ Իսագուլյանին

«Կատալոնական և քրդական հանրաքվեներից հետո աշխուժացել են զրույցները, թե ինչքանո՞վ է Ղարաբաղյան հակամարտությունը նման կամ տարբեր դրանցից. մենք որևէ պարագայում Արցախյան հիմնախնդիրն այլ հիմնախնդիրների հետ չենք համեմատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ անհնար է համեմատել Արցախյան հիմնախնդիրը մնացած բոլոր առերևույթ նմանատիպ խնդիրների հետ. «Մենք միշտ հայտարարել ենք, ու դա է բացարձակ ճշմարտությունը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միշտ հանդես է եկել՝ որպես իրավահավասար հենց Ադրբեջանին: Արցախն անկախացել է մինչև Խորհրդային Միության փլուզումը՝ Խորհրդային Միության բոլոր օրենքներին համապատասխան: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Ադրբեջանը և Արցախը սուբյեկտիվության առումով ունեին նույն կարգավիճակը:

Դրանից հետո Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Արցախին, և Արցախը 1994 թվականի պատերազմի արդյունքում ունեցավ այն սահմանները, որոնք այսօր Արցախի Սահմանադրությամբ ամրագրված են՝ որպես Արցախի իրավասության տակ գտնվող տարածքներ: Արցախը երբեք չի եղել անվտանգություն սպառող, միշտ հանդես է եկել՝ որպես անվտանգություն արտադրող և տարածաշրջանը կայունացնող պետություն»:

Գ. Իսագուլյանը պատմեց, որ վերջերս՝ մի քանի օր առաջ, Արցախի նախագահ Բակո Սահակյանն իրեն դիտողություն է արել. «Գրավոր զեկույց էի ներկայացնում, նախագահն ընթերցում էր, ասաց՝ «որ գրել ես՝ «ազատագրված տարածքներ», ի՞նչ նկատի ունես»: Ասացի՝ այն, ինչ բոլորն ասում են: Ասաց՝ «Գառնիկ, դրանք կարող էին համարվել ազատագրված տարածքներ 1992-1994 թվականներին, հիմա մենք ունենք Սահմանադրություն, որով այդ տարածքներն Արցախի Հանրապետության տարածքներ են: Ես հանձնարարում եմ, որ դու այլևս չխոսես ազատագրված տարածքների մասին, կա Արցախի Հանրապետության տարածք, ու այդ տարածքներն ամրագրված են մեր Սահմանադրության մեջ»: Ես ուրախ եմ, որ այդ դիտողությունն արվել է, ու կուզեի, որ դա փոխանցեր բոլորին, որ այլևս չխոսեինք ազատագրված, գրավյալ տարածքների մասին»:

Գ. Իսագուլյանը նկատեց, որ հոկտեմբերի 8-ին Արցախում բերքի տոն էր, և, նրա խոսքով, այդ մեկ օրվա առևտուրը գերազանցել է մեկ միլիարդ դրամը, իսկ երկրի տնտեսական աճը գերազանցում է 17 տոկոսը: Ըստ նրա՝ այս ամենը ցույց է տալիս, որ ժամանակն է՝ բոլորս գիտակցենք, որ Արցախը կայացած է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս