
Թուրքիան ծանր ռազմական տեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման

Թուրքիայի զինված ուժերը տանկեր են ուղարկել Իրաքի հետ սահման: Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել է Dunya թերթը, մարտական մեքենաները կտեղակայվեն երկրի հարավ-արեւելքի Շիռնակի նահանգում՝ «Խաբուր» սահմանային անցակետի շրջանում։
Հանրապետության արեւմտյան տարածաշրջաններում գտնվող զորամասերից տանկերի փոխադրումն իրականացվել է անցած գիշեր զինվորական պահակախմբերի ու ժանդարմների ուժեղացված հսկողության ներքո:
Նշվում է, որ տանկերը կմասնակցեն այն զորավարժություններին, որոնք Թուրքիայի կողմից այդ տարածաշրջանում սկսվել են սեպտեմբերի 18-ին, եւ որոնց սեպտեմբերի 26-ին միացել են իրաքյան բանակի ստորաբաժանումները:
Համարվում է, որ այս զորավարժություններով Անկարան եւ Բաղդադը ձգտում են իրենց մտադրությունների լրջությունը ցույց տալ իրաքցի քրդերին, որոնք սեպտեմբերի 25-ին հանրաքվեում հանդես են եկել անկախության օգտին: Երկու երկրների ղեկավարությունը կտրականապես դեմ է արտահայտվել այդ քվեարկությանը՝ այն համարելով անօրինական եւ Իրաքի Սահմանադրությունը խախտող, հաղորդել է ՏԱՍՍ-ը: