
Իրաքյան Քրդստանը պատրաստ է երկխոսել Բաղդադի հետ պատժամիջոցների վերացման շուրջ

Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը կոչ է արել համերկրային կառավարությանը՝ բանակցություններ սկսել Բաղդադի կողմից Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանն ի պատասխան սահմանված պատժամիջոցների չեղարկման համար:
Ինչպես նշվում է տարածաշրջանային իշխանությունների հայտարարության մեջ, Էրբիլը պատրաստ է քննարկել սահմանային անցակետերին, Իրաքյան Քրդստանում գտնվող օդանավակայանների կառավարմանը, ինչպես նաեւ բանկերի աշխատանքին վերաբերող հարցերը: Հոկտեմբերի 12-ին փաստաթղթից քաղվածքներ է մեջբերել Rudaw հեռուստաալիքը։
Դրա տեքստում ասված է, թե Իրաքյան Քրդստանը «վերահաստատում է, որ պատրաստ է Իրաքի Սահմանադրությանը համապատասխան բանակցություններ վարել սահմանային անցակետերի, ներքին առեւտրի, քաղաքացիներին ծառայությունների տրամադրման հարցերի, բանկերի եւ օդանավակայանների հետ կապված իրադրության շուրջ»: Ընդսմին իրաքցի քրդերը Իրաքի իշխանությունների պատժամիջոցները որակում են որպես «կոլեկտիվ պատիժ» եւ հորդորում են չեղարկել դրանք, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: