
«Մինչև տարվա վերջ 100 % պայմանագրերը պետք է կնքվեն». Կարեն Կարապետյանը՝ Դավիթ Լոքյանին

«Նախորդ ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում:
Արդյունքում՝ այս տարվա հոկտեմբերի երեքի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր: Մշակվել և ԱԺ է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագիծը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով այն, որ չնայած արձանագրված հաջողություններին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված, շարունակական աշխատանքների, Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ հետևողականորեն «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շարունակել աշխատանքները:
Նրա խոսքով` Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պետք է ապահովի հոկտեմբերի 21-ին կայանալիք երրորդ համապետական շաբաթօրյակի անցկացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը. «Պարոն Լոքյան, մենք նաև այն ծրագրերն ու ժամանակացույցերը, որ կազմել ենք, հետևողական պետք է գնանք: Մինչև տարվա վերջ 100 % պայմանագրերը պետք է կնքվեն»: