
Վիետնամում առնվազն 40 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

Առնվազն 40 մարդ է զոհվել, եւս 22-ն անհայտ կորած են համարվում այն վարարումների հետեւանքով, որոնք Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական մասի մի քանի նահանգներում առաջացել են անցած շաբաթվա վերջից չդադարող տեղատարափների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կոմիտեն:
Առավել մեծ չափով հեղեղումներից տուժել են Տհանհոա եւ Նգեյան կենտրոնական նահանգները, ինչպես նաեւ Շոնլա, Խոաբին եւ Ենբայ նահանգները՝ երկրի հյուսիսում: Այնտեղ ջրի տակ են անցել եւ սողանքներից ավերվել 1,2 հազարից ավելի բնակելի շենքեր, կաթվածահար վիճակում է ավտոմոբիլային հաղորդակցությունը: Տեղի հազարավոր բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց կացարանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: