
ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության հետագա խորացումն ընկալում են որպես իրական սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը:
Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում՝ ամփոփելով Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ հոկտեմբերի 10-11-ին Ժնեւում կայացած կոնսուլտացիաների հերթական փուլի արդյունքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները շեշտադրել են, որ ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի համագործակցության հետագա խորացումն ընկալվում է որպես իրական սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը»,-ընդգծել են նախարարությունում եւ հավելել, որ նշված երկրներն առաջվա պես պնդում են Անդրկովկասում ուժի չկիրառման հետագա քննարկումը, որը Ժնեւում համատեղ աշխատանքի հանգուցային խնդիրն է:
ՌԴ ԱԳՆ-ում նաեւ հայտնել են, որ Անդրկովկասի անվտանգության հարցերի շուրջ հաջորդ հանդիպումը Ժնեւում պլանավորված է 2017 թվականի դեկտեմբերին: