
Վարչապետը հաստատում է՝ դղյակի տերն ինքն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանել է Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունները եւ, ըստ էության, հաստատել է, որ Մոնումենտի այգում կառուցվող դղյակը կապ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Մամուլի քարտուղարը, իհարկե, արձանագրում է, որ նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, որը 2011 թվականին գնել է հարակից երեք հողատարածք: Սակայն ենթադրում ենք, որ այս պարագայում գործ ունենք հայկական քրեաօլիգարխիային բնորոշ ձեռագրի հետ, երբ, ինչպես մի առիթով նշել էր Սերժ Սարգսյանը, ամեն բան «թղթով նորմալ» է:
Այսինքն՝ ենթադրում ենք, որ կառուցվող դղյակն իրականում պատկանում է հենց Կարապետյանին, պարզապես ձեւակերպված է եղբոր անունով: Հակառակ պարագայում` չէր հետեւի վարչապետի գրասենյակի նման օպերատիվ արձագանքը Զարուհի Փոստանջյանի նամակին կամ էլ` տարածքը չէր հսկվի ոստիկանության կողմից: Հատկապես վերջին հանգամանքն ակնհայտ բացահայտում է դղյակի «Էլիտար» պատկանելիությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: