«Երեխա կա, որ չի հասկանում խոսքով, պետք է ապտակել». ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումներն հասարակական մեծ աղմուկ են բարձրացրել: Ոմանք կարծում են, որ այս պահին չկա նման օրենքի անհրաժեշտությունը, քանի որ այն կարող է «քանդել» հայ ընտանիքները, իսկ օրենքի հեղինակները, եւ նրանց կողմնակիցները պնդում են, թե կանխարգելում են ընտանեկան բռնությունները:
Armtimes.com-ը Երեւանի փողոցներում հարցումներ է անցկացրել, ծանոթացել քաղաքացիների կարծիքին այս օրենքի վերաբերյալ: Պարզվում է, որ քաղաքացիներից շատերն անտեղյակ են օրենքից, իսկ երբ ծանոթանում են դրույթներին նշում են, որ օրենքը կարող է առիթ հանդիսանալ, որ երեխաները նույնիսկ ծնողի բղավոցի համար ոստիկանություն կանչեն:
«Մի գուցե ճիշտ է, որ մեկ ապտակի համար ոստիկանություն կանչեն, քանի որ այսօր մեր երեխաները համակարգիչներով այնքան բան են տեսնում օտար երկրներում կատարվող, որ ծնողը, որքան էլ ցանկանա չի կարող իր երեխային լավ բալիկ դարձնել: Դրա համար Ամերիկայում նույնիսկ մեկ բղավոցի համար ոստիկանություն են կանչում: Ճիշտ է, մեկ ապտակը դաստիարակչական է, բայց կարծում եմ, որ այս նոր սերունդը կանի՝ մեկ ապտակի համար ծնողին ոստիկանություն կտա, բայց մեր սերունդը չէր անի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Լենա Ալեքսանյանը:
Կա նաեւ հասարակական կարծիք, որ ընտանեկան խնդիրները պետք է մնան տան պատերի ներսում:
«Եթե ոստիկանությունն են կանչում, էլ ընտանիքը ո՞րն է: Ընտանիքը, եթե արժեքներ է կրում…ի՞նչ ոստիկանություն: Եթե ընտանիքում բռնություն կա, ապա պետք է պարզել, թե ինչն է պատճառը: Մեկ ապտակը չի կարող բռնություն համարել: Առայժմ բռնություն չեմ համարվում»,- ասում է 65-ամյա թոշակառուն:
Մեր զրուցակիցները կարծում են, որ մեկ ապտակը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ երեխային դաստիարակելու հարցում, քան`իրավապահներին դիմելը:
«Մեկ ապտակը դա զուտ դաստիարակչական է, ի՞նչ բռնության մասին է խոսքը: Յուրաքանչյուր ծնող էլ լավ գիտի, թե իր երեխայի համար որն է լավ, որը՝ ոչ: Ընդհանրապես, չի կարելի ապտակ հասցնե՞լ, եթե դա դաստիարակության համար է: Երեխա կա, որ չի հասկանում խոսքով, պետք է ապտակել»,- ասում է 21-ամյա ուսանողը:
Այնուամենայնիվ, որոշ ծնողներ էլ մեկ ապտակը, որպես «դաստիարակչական քայլ» անվան տակ չարաշահում են երեխաներին ծեծի ենթարկելով:
«Կարելի է խոսքով դաստիարակել, ապտակով չես դաստիարակի: Օրենքը պետք է, շատ ընտանիքներում շատ են ապտակը չարաշահում, դրանից հետո երեխան էլ խոսքը չի հասկանում»,- ասում է 54-ամյա տնային տնտեսուհին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: