Ո՞վ կընտրվի ԵԽ ԽՎ նախագահ. Վեհաժողովի թոփ թեման Ադրբեջանն է

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո, երեկ՝ հոկտեմբերի 9-ին մեկնարկած նստաշրջանում սկսել է ԵԽ ԽՎ նոր նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնում առաջադրվել են Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից, և Էմանուելիս Զինգերիսը՝ Լիտվայից: Թե ո՞վ կզբաղեցնի ԵԽ ԽՎ նախագահի աթոռն առաջիկա 3 ամիսներին, պարզ կդառնա այսօր։

ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով Ստրասբուրգում մասնակցում է Վեհաժողովի նստաշրջանին, «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, որ Ագրամունտն այլևս ԵԽ ԽՎ-ում փակված էջ է.

«Հոկտեմբերի 6-ին իր բժիշկների, ես կասեի՝ «քաղաքական բժիշկների» հորդորով Ագրամունտը հրաժարական տվեց և այս նստաշրջանի ընթացքում առայժմ Ստրասբուրգում չի երևացել։ ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրված Էմանուելիս Զինգերիսը Ադրբեջանի հավատարիմ հաճախորդներից է և դոն Պեդրո Ագրամունտի գործի շարունակողներից մեկը։ Սոցիալական հանձնաժողովի նախագահ Ստելլա Կիրիակիդեսն այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է՝ որպես բավականին հավասարակշիռ և անաչառ պատգամավոր։ Ամեն դեպքում, ով էլ ընտրվի, դա լինելու է ընդամենը 3 ամսվա նախագահություն՝ մինչև հունվար, որովհետև հունվարին ԵԽ ԽՎ-ում տեղի կունենա նոր նախագահի ընտրություն առաջիկա 2 տարիների համար»։

Ն. Զոհրաբյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը երեկ առավոտից իրեն պահում է խիստ վիրավորվածի կեցվածքով, առաջին իսկ նիստում պատվիրակության ղեկավարն ու իրենց մշտական «սազանդար» Ռաֆիկ Հուսեինովը բողոքել են ԵԽ ԽՎ-ի խիստ կողմնակալ վերաբերմունքից Ադրբեջանի հանդեպ.

«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, ինչպես միշտ, ընտրեց ստորագույն ճանապարհը՝ ԵԽ ԽՎ-ին մեղադրեց իսլամաֆոբիայի մեջ՝ ասելով, որ Ադրբեջանի հանդեպ այս ճնշումը ոչ այլ ինչ է, քան իսլամաֆոբիա։ Այդ հերթական մանիպուլյացիայի նպատակը մեկն է՝ կոռուպցիոն համաեվրոպական լվացքատան սկանդալին, Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական խայտառակ իրավիճակին փորձ անել տալ կրոնական երանգավորում, որն անհեթեթություն է։ ԵԽ ԽՎ-ում նաև տեղի է ունեցել քննարկում՝ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների, Ադրբեջանի նախկին դեսպան, այժմ՝ այլախոհ Արիֆ Մամադովի մասնակցությամբ, և հենց իրենք խոսեցին, որ Ադրբեջանը չի կարող ներկայիս վիճակով լինել որևէ միջազգային կառույցի լիիրավ անդամ, որովհետև վերածվել է հակաժողովրդավարական մոնստրի»։

Ն. Զոհրաբյանը նշեց, որ այս նստաշրջանում 2 զեկույց ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում վերաբերող խնդիրներին և նաև Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակին, ևս 2 զեկույց առնչվելու է Ադրբեջանին, որոնցից  մեկը ենթադրում է համակարգային փոփոխություններ ԵԽ ԽՎ կանոնակարգում՝ լոբբիստ և կոռումպացված պատգամավորների ձեռքը բռնելու համար.

«Այսինքն՝ այս նստաշրջանի թոփ թեման լինելու է Ադրբեջանը, ադրբեջանական լվացքատունը և Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալները, ուստի «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սցենարով ադրբեջանական պատվիրակությունը, երևի թե առաջնորդվելով ընդամենը մի քանի օր առաջ Բաքվում Եվրոպական միության քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Ալիևի հայտնած մտքով, որ ԵԽ-ից դուրս գալով՝ Ադրբեջանում ոչինչ չի փոխվի, դրանից իրենք ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ կապրեն, ոչ ավելի հարուստ, ոչ ավելի աղքատ կլինեն, ադրբեջանական պատվիրակությունը ԵԽ ԽՎ-ում փորձում է հասկացնել, որ իրենք ոչինչ չեն կորցնի անգամ ԵԽ ԽՎ-ից դուրս գալով»։

ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի թեման ուշադրության կենտրոնում էր նաև երեկ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ագրամունտի հրաժարականն անակնկալ չէր, պարզ էր, որ նա պետք է հեռանար.

«Լավ կլիներ, եթե ԵԽ ԽՎ-ն որոշակի հետազոտություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն որոշումները, որ, ի վերջո, խթան դարձան քառօրյա պատերազմի համար»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա` այն ժամանակ ասվում էր, որ նման որոշումներով Ադրբեջանը փորձում է հիմք ստեղծել պատերազմական գործողությունները վերսկսելու համար: Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճիռներն անտեսելու պատճառով հնարավոր է՝ ԵԽ-ից Ադրբեջանի հեռացման գործընթաց սկսվի, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ ավելի շատ պետք է աշխատել ՄԻԵԴ վճիռներն Ադրբեջանին կատարել պարտադրելու ուղությամբ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դիտարկմամբ` Պեդրո Ագրամունտի հրաժարականով հարցը չի սահմանափակվելու, գնում է հետաքննություն.

«Այս խմորը շատ ջուր է տանելու: Պատահական չէ, որ եվրոպական տարբեր երկրներում արդեն հետաքննություններ են շարունակվում կոռուպցիոն երևույթների մասին, և ինձ թվում է՝ արձագանքները մենք կլսենք: Եթե այս անդրադարձը չլիներ, ինձ թվում է՝ դա բավականին լուրջ հեղինակազրկում կլիներ եվրոպական նման հեղինակավոր կառույցի համար»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Պեդրո Ագրամունտի հրաժարականի հիմքում ճնշումներ է տեսնում, որոնք մտորելու հիմք կդառնան ԵԽ ԽՎ հաջորդ նախագահի համար.

«Սա 1 օրվա պատմություն չէ: Ադրբեջանը բավականին լուրջ ճնշումների տակ է: Արդեն իսկ Ադրբեջանի խնդիրն է՝ ինքը եղածից հետևություններ կանի՞, թե՞ ոչ։ Ինչ կանի Ադրբեջանը, ԵԽ-ից դուրս կգա, չի գա՝ դա մեզ ոչ սառն է, ոչ տաք: Մենք մեր միջազգային պարտավորությունները պատրաստ ենք կատարել: Մենք այդ կառույցների անդամ ենք և պիտի կարողանանք այդ կառույցների՝ մեր պատկերացրած արժեքային համակարգերին մոտ լինել: Մնացածն իրենց գործն է: Ես ուրախ եմ, որ, ի վերջո, Ագրամունտը չդիմացավ ճնշումներին և հրաժարական տվեց: Ով կլինի հաջորդ նախագահը, բնականաբար, հետևություններ կանի, և հետևություններ կանեն եվրոպական տասնյակ ու տասնյակ օրենսդիրներ»։

Տեսանյութեր

Լրահոս