Բաժիններ՝

Թոնի Բլերը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հանդես է եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման օգտին:

«Իրանի կապակցությամբ հարկավոր է հիշել ԳՀՀԾ-ն, որն այժմ ակտիվորեն քննադատվում է ԱՄՆ-ի կողմից»,- ասել է նա՝ հոկտեմբերի 9-ին ելույթ ունենալով միջուկային աղետների կանխմանը նվիրված Լյուքսեմբուրգի միջազգային համաժողովի 10-րդ հոբելյանական խորհրդաժողովում:

«Կարելի է վիճել բուն գործարքի եւ նրա առանձին դրույթների իմաստնության շուրջ, բայց այն իրականացվում է, դրանում նախատեսված է ստուգումների գործընթաց, իսկ դա նշանակում է, որ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կարող է կասեցվել,- նշել է Բլերը: – Նշանակում է՝ անհրաժեշտ է պահպանել այդ գործարքը»:

Իրանը և միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս