«Կանչեք մեզ, ձրի գանք, օգնենք, աշխատենք, գործն առաջ տանենք, որ գյուղերը չկողպեն՝ գնան». Սարգիս Սեդրակյանը՝ Գյուղնախարարին
«Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ արտագաղթը գյուղերից կասեցնի. ես չգիտեմ՝ Ազգային ժողովում պատգամավորներն ինչո՞վ են զբաղված, պետք է սա լինի նրանց առաջնային քննարկման հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը։
Ըստ նրա՝ գյուղացիները հենց այնպես չեն գնում երկրից, եթե լինեն աշխատելու և ապրելու պայմաններ, նրանք չեն գնա.
«Արտասահմանյան երկրներում տեխնոլոգիաներն այնքան զարգացած են, որ ոչ մի բանի վրա գումար չեն խնայում, իսկ մեզ մոտ դա հեքիաթ է, զարմանալի է: Այդ սարքավորումներն ազդում են արտադրանքի գնի վրա, և, հետևաբար՝ կաթնամթերքը, կարագը, պանիրը թանկանում են: Այդ նույն երկրների կառավարությունն անտեր չի թողնում իր ժողովրդին, սուբսիդիաներ է տրամադրում, բայց մեր գործարարները, որ գնում են՝ այնտեղից բերում են, թանկ գնով են բերում: Ես կասկածում եմ, որ «Աշտարակ-կաթում» և այլ գործարաններում կաթի փոշիով են կաթ և կաթնամթերք ստանում, որը հնացած, անորակ է, բայց իրենք արտադրում են: Դրանից կարագ դուրս չի գա: Ասենք, գյուղացին չի կարողանա մրցակցի, մածունի գինը բարձր դնի, որովհետև այդ գործարաններում արդեն մածուն է արտադրվում, իր կայուն գինը և սպառողների շուկան ունի»:
Ս. Սեդրակյանը գտնում է՝ տեղական շուկայում տեսնում են, որ դրսից ներկրվածի գինը բարձրացրել են, իրենք էլ են բարձրացնում գինը: Ըստ նրա՝ այս վերջին գյուղմթերքի թանկացումների վրա ազդել է նաև այն, որ անասնակերի դեֆիցիտ կա, խոտը, ծղոտն անցյալ տարիներին ավելի շատ էր, քան հիմա.
«Ինչո՞ւ հիմա Ղարաբաղից անասնակեր չեն բերում՝ այստեղ գյուղացիներին աջակցում, բա ինչի՞ համար է կառավարությունը, Գյուղնախարարությունը, դրա համար գյուղացին տեսնում է՝ իր թիկունքին մարդ չկա կանգնած, թողնում է՝ երկրից հեռանում»:
Ս. Սեդրակյանը նաև նկատեց, կառավարության ծրագրում նշված է, որ 2017 թվականի աշնանացանի հետ միասին պետք է ստեղծեն մեքենատրակտորային պարկեր: Նա նաև նշեց, որ աշնանացանը մի քանի օրից կսկսվի, սակայն դրանք դեռևս չկան.
«Ես գյուղնախարարին հարց եմ տալիս՝ ո՞ւր են այդ մեքենատրակտորային պարկերը: Ասում է՝ «մի անգամ մրցույթ արեցինք, չեղավ»: Էլի արեք: Չպետք է ականջի հետև գցել»:
Բանախոսի դիտարկմամբ՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լավ է տրամադրված, բայց «գործն առաջ չի գնում». «Կանչեք մեզ, ձրի գանք, օգնենք, աշխատենք, գործն առաջ տանենք, որ գյուղերը չկողպեն՝ գնան»,- ասաց նա: