Իսպանիայի կառավարությունը «կվերականգնի օրենքը», եթե Կատալոնիան անկախանա
Իսպանիայի կառավարությունը «օրենքի եւ դեմոկրատիայի վերականգման» գործողություն կձեռնարկի, եթե Կատալոնիայի խորհրդարանը միակողմանի կարգով անկախություն հայտարարի: Դա խոստացել է փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:
«Մենք կփորձենք հնարավորինս փոքր վնաս հասցնել մեր որոշումներով, բայց թող ոչ ոք չկասկածի. եթե անկախություն հայտարարեն, որոշումներ կընդունվեն օրենքի եւ դեմոկրատիայի վերականգման համար»,- հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահի տեղակալը Cadena Cope ռադիոկայանին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե կառավարությունը կկիրառի արդյոք Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կասեցնել հանրակցության ինքնավարության կարգավիճակը, Սանտամարիան չի բացառել այդ հնարավորությունը, բայց վերապահում է արել, որ նման որոշումը հարկավոր կլինի փորձել համաձայնեցնել մյուս քաղաքական կուսակցությունների հետ:
Բացառված չէ, որ կատալոնական խորհրդարանը հոկտեմբերի 10-ի նիստում, հանրաքվեի մասին օրենքին համապատախան, որն ընդունվել է սեպտեմբերի 6-ին, միակողմանի կարգով հռչակի Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը: Թեեւ նիստի օրակարգում այդ կապակցությամբ պաշտոնական կետ առայժմ չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: