Բաժիններ՝

«Ծայրահեղ անհեթեթ ձևակերպում է, որ այս օրենքով երեխաներին վերցնելու են ընտանիքներից». Դավիթ Հարությունյանը՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին

«Բազում հետազոտությունների համաձայն՝ ընտանեկան բռնությունն առանձին երևույթ է, և նրա դեմ գործիքակազմը պետք է լինի լրիվ այլ»,- այսօր ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմայով հրավիրված քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր հանրային քննարկման է դրվել Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Դ. Հարությունյանի խոսքով՝ կան մարդիկ, որոնք փորձում են աղավաղել օրենքի էությունը, որը շատ պարզ և հստակ է. «Դա կանխարգելումն ու պաշտպանությունն է: Պատժի մասին խոսում է Քրեական օրենսգիրքը»:

Դիտարկմանը, թե՝ տեսակետներ կան, որ օրենքը թույլ է տալու երեխաներին վերցնել ծնողներից, Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց.

«Ծայրահեղ անհեթեթ ձևակերպում է, որ այս օրենքով երեխաներին վերցնելու են ընտանիքներից: Այս օրենքը նաև երեխաների պաշտպանության մասին է: Եթե նայենք վիճակագրությունը, թե քանի դեպքեր ունենք անգամ սեռական ոտնձգությունների, երբ դա տեղի է ունենում ընտանիքի անդամների կողմից, մենք պետք է հասկանանք, որ այդ մարդիկ պաշտպանության կարիք ունեն: Ընտանեկան բռնություն ասելով՝ մենք նկատի չունենք միայն կանանց, թեև նրանք շատ ավելի հաճախ են դառնում ընտանեկան բռնության զոհ: Եթե իրավիճակն այնպես է, որ տվյալ երեխան այլևս չի կարող ապրել այդ ընտանիքում բռնարարի հետ, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկվեն, սակայն այս օրենքը որևէ նման մեխանիզմի (ծնողական իրավունքներից զրկելու) մասին չի խոսում, որովհետև դրանք միշտ էլ եղել են օրենսդրությունում: Օրենքի բուն նպատակն ընտանիքը պաշտպանելն է, և ոչ թե՝ ընտանիքը քայքայելը»:

Նախարարը նկատեց, որ օրենքի մասին բավականին տևական ժամանակ է խոսվում. «Եթե մենք մեզ դիտում ենք՝ որպես քաղաքակիրթ աշխարհի մաս, պետք է նաև գործադրենք գործիքներ, որոնք առկա են քաղաքակիրթ աշխարհում»:

Քննարկման ընթացքում նախարարն ասաց, որ վաղուց հասունացել է նման օրենք ընդունելու պահը.

«2012-16 թվականներին Ոստիկանության կողմից գրանցվել է 3571 ընտանեկան բռնության դեպք: Այն, որ այս առումով ստվերային թվերը շատ ավելի մեծ են, դա անխոս է: Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են ՀՀ-ում գրանցված սպանությունների 17 տոկոսը: 2015 թվականի առաջին կեսին անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է մի քանի տասնյակ քրեական գործ: Գործերի զգալի հատված վերաբերել է ընտանիքի անդամի կողմից անչափահասի նկատմամբ ոտնձգությանը»:

Նախարարն ընդգծեց, որ այդ թվերն իրականությունը չեն արտացոլում, բայց անգամ այդ թվերը, ըստ նրա, շատ մտահոգիչ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս