ԳՖՀ-ի պահպանողականները մտադիր են միգրանտների հոսքը սահմանափակել տարեկան մինչև 200 հազար
Անգելա Մերկելի գլխավորած պահպանողականների դաշինքը պայմանավորվել է միգրանտների հոսքը սահմանափակել տարեկան մինչեւ 200 հազարի մակարդակ: Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
«Դա լավ հիմք Է Ազատ ժողովրդավարական կուսակցության եւ «կանաչների» հետ նախապատրաստական բանակցություններ սկսելու համար,-ասել է նա՝ մեկնաբանելով բավարական Քրիստոնեասոցիալական միություն (ՔՍՄ) «քույր» կուսակցության հետ կայացած բանակցությունների արդյունքները, որոնց նպատակը նախապատրաստվելն էր նման կոնսուլտացիաներին:
«Ես շատ եմ մտածել այն մասին, թե ինչպես հաշվի առնել ՔՍՄ-ի այն պահանջը, որ 200 հազար թիվը չգերազանցվի, եւ դա համատեղել այն բանի հետ, ինչը կարեւոր է ինձ համար, որպեսզի ապահովվի ապաստանի պարտադիր իրավունքը,-նշել է Մերկելը:-Դա մեզ հաջողվեց»:
Մերկելը ազդարարել է հոկտեմբերի 18-ին «կանաչների» եւ ազատ դեմոկրատների հետ կառավարող կոալիցիայի կազմավորման հարցի շուրջ նախապատրաստական բանակցությունների սկիզբը:
«Մենք պայմանավորվել ենք, որ ՔԴՄ-ն եւ Քրիստոնեասոցիալական միությունը միասին հոկտեմբերի 18-ին առանձին բանակցությունների կհրավիրեն սկզբում «կանաչներին». հետո՝ Ազատ ժողովրդավարական կուսակցությանը (ԱԺԿ), որպեսզի հոկտեմբերի 20-ին առաջին նախապատրաստական բանակցություններն անցկացվեն բոլոր կողմերի մասնակցությամբ»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: