
«Մինսկը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, եւ հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու համար: Այդ մասին, ինչպես հայտնել «Sputnik Բելառուս»-ը, պետության ղեկավարն ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ Մինսկում կայացած հանդիպմանը։
«Մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն խախտում որեւէ միջազգային պայմանագիր, Անվտանգության խորհրդի եւ ամբողջությամբ վերցված ՄԱԿ-ի որեւէ բանաձեւ: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք եւ իրավասու ենք սահմանել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջմունքներին»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդունելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարին:
Նախագահն ընդգծել է բելառուսական կողմի պատրաստակամությունը՝ օգնել ապահովելու Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունը: «Ես լավ եմ հիշում, որ դժվարին ժամանակներում ձեր նախագահը միշտ թիկունք է կանգնել բելառուսական պետությանը»,-ասել է Լուկաշենկոն: Իր հերթին Զաքիր Հասանովը բարձր է գնահատել ռազմատեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ եւ ռազմական նշանակության բելառուսական արտադրանքի որակը:
«Ադրբեջանի զինված ուժերն օգտվում են բելառուսական արտադրության զենքից ու տեխնիկայից, եւ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա բարձրորակ զենք է եւ ռազմական նշանակության արտադրանք»,-ասել է նա: Բելառուս պաշտոնական այցի առաջին օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցլել է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն եւ զինափորձարան, որտեղ ծանոթացել է մարտական տեխնիկային ու ռազմական նշանակության բելառուսական այլ արտադրանքին: