«ՀՀԿ-ն իր կամքով չի զիջի. պայքարելու տարբերակը մեկն է». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր կազմակերպված «Կուսակցականացված դպրոցներ. սերունդներ կրթո՞ղ, թե՞ կուսակցություններին ծառայող կրթօջախներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ կրթական համակարգի կուսակցականացվածության հարցն ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում չի քննարկվել, որովհետև այնտեղ քննարկվում են շրջանառության մեջ դրված օրենքի նախագծեր։ Ըստ նրա՝ խնդիրն ավելի խորքային է, հետևաբար, միայն հանձնաժողովի տիրույթում չէ. «Սա հասարակության ուշադրության կենտրոնում պետք է լինի»։
Կրթական համակարգի կուսակցականացվածության պատճառները, ըստ Միրզոյանի՝ ակնհայտ են. «Սա հսկայական վարչական ռեսուրս է, մասնավորապես՝ հանրակրթությունը, և ճանապարհ՝ հասնելու երեխաների ծնողներին և ապահովելու իրենց քվեն։ Իրենց նպատակը ՀՀԿ անդամների մեծ թիվը չէ, այլ որոշակի պարտավորություններ փոխանցել այդ մարդկանց, և ամեն ընտրական փուլին ընդառաջ՝ գործադրել այդ ողջ հսկայական մեխանիզմը և ստանալ ձայները։ Սրա դեմ պետք է պայքարել հասարակության մասնակցությամբ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, երկկողմանի է, գործարք է։ Դպրոցի ուսուցիչը կամ տնօրենը կարող են ծնողին առաջարկել կամ ստիպել՝ իր ձայնը տալ տվյալ ուժին, բայց ծնողը միշտ կարող է չտալ իր ձայնը։ Այս հարցի լուծումը որևէ քաղաքական ուժից կախված չէ, եթե դա ՀՀԿ-ն չէ, այլ կախված է հասարակությունից»։
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես էր եկել շրջաբերականով, որը վերաբերում էր հենց կրթական հաստատություններում քարոզչության բացառմանը: «Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարությունն ուղղված բանավոր հարցումները` նախարար Լևոն Մկրտչյանը այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»,- ասված էր նախարարի փետրվար ամսվա շրջաբերականում:
Արարատ Միրզոյանն անդրադարձավ այդ շրջաբերականին և նշեց, որ դա 2 բացատրություն կարող է ունենալ. «Առաջին՝ կուսակցական մրցակցության համատեքստում կարող է լինել խնդիրը, այսինքն՝ ՀՅԴ-ի շրջաբերականն ակնհայտորեն ՀՀԿ-ական տնօրենը սաբոտաժի է ենթարկում։ Երկրորդ՝ այդ շրջաբերականն ուղղակի իմիտացիա է, ինչպես ՀՀ-ում արվող շատ բաներ»։
Ստեղծված իրավիճակը, պատգամավորի խոսքով՝ միանշանակ անպատժելիություն է. «Ավելին՝ սա խրախուսանք է և ուժի ցուցադրում։ Հանրակրթությունն ու բուհական կրթությունն այն ոլորտն է, որտեղ ՀՀԿ-ն իր կամքով չի զիջի, որովհետև այստեղից են ստանում կադրեր, այստեղից են ապահովում ձայներ, և այլն։ Իսկ պայքարելու տարբերակը մեկն է՝ քաղաքացիների որոշումը՝ վերջ տալ սրան։ Դրան էլ դրսևորման երկու ձև կա՝ ընտրությունների քվեաթերթիկը և փողոցը։ Այդ երկու եղանակներից որևէ մեկով պետք է հասնենք այս հարցի լուծմանը»։