ԱՄՆ-ը և Թուրքիան փոխադարձաբար առկախել են վիզաների տրամադրման գործընթացը
Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է Թուրքիայում ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը առկախելու մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել դեսպանատան պաշտոնական կայքը:
ԱՄՆ-ը նման քայլի է դիմել՝ կապված Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի՝ Մեթին Թոփուզի կալանավորման հետ: ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ ասվում է. «Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ստիպում են ԱՄՆ կառավարությանը վերանայել Թուրքիայի կառավարության պարտականությունների հարցը ԱՄՆ առաքելությունների և դրանց անձնակազմի նկատմամբ: Այս վերանայման ընթացքում, որպեսզի նվազագույնի հասցվի ԱՄՆ-ում մեր դեսպանություն և հյուպատոսություն այցելությունների թիվը, առկախում ենք ԱՄՆ-ի մեր բոլոր առաքելություններում Միացյալ Նահանգների քաղաքացիների հետ կապված ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացները»:
Ի պատասխան ամերիկյան կողմի նման քայլի՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը թվիթերյան իր էջում հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ իրենք ևս դադարեցնում են ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը: «Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ստիպում են Թուրքիայի կառավարությանը վերանայել ԱՄՆ կառավարության պարտականությունների հարցը թուրքական առաքելությունների և դրանց անձնակազմի նկատմամբ: Այս վերանայման ընթացքում, որպեսզի նվազագույնի հասցվի ԱՄՆ-ում մեր դեսպանություն և հյուպատոսություն այցելությունների թիվը, առկախում ենք ԱՄՆ-ի մեր բոլոր առաքելություններում Միացյալ Նահանգների քաղաքացիների հետ կապված վիզային գործընթացները»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ:
Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» հիմնավորմամբ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել: Թոփուզը մեղադրվում է Թուրքիայում «սահմանադրական կարգը փոխելու փորձ անելու», «լրտեսության» և «Թուրքիայի իշխանություններին տապալելու փորձի» մեջ:
Խնդրի առնչությամբ հայտարարություն էր տարածել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը՝ մտահոգություն հայտնելով իր աշխատակիցներից մեկի ձերբակալման փաստի առնչությամբ: Ամերիկյան կողմն ընդգծել էր, որ նմանօրինակ չհիմնավորված և հստակ աղբյուր չունեցող պնդումները միայն կվնասեն թուրք-ամերիկյան երկարամյա համագործակցությանը: