«Մեր Սահմանադրությունը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի շուրջ պետք է կառուցեն». Դավիթ Ամալյան
«Փոխանակ ընտանիքը հասցնենք պետության, մեր չկայացած պետությունն ենք ուզում մտցել ընտանիքի մեջ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը՝ խոսելով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին, որն այսօր դրվել է հանրային քննարկման:
Նրա խոսքով՝ հայի դեպքում այսօր միակ արժեքը մնացել է ընտանիքը: Ըստ երգահանի՝ երբ ընտանիքը կհասցնենք պետության, և պետությունը կդառնա այնպիսին, ինչպիսին ընտանիքն է, այդ ժամանակ կարելի է համատեղել, բայց, նրա դիտարկմամբ, դեռ այդպես չէ:
«Մեր ժողովրդական վարվելակերպը միայն ընտանիքում կա, անկեղծ շփումը միայն ընտանիքում է լինում: Այդ նույն քաղաքական գործիչն ընտանիքում ասում է՝ «բալես, մի հատ ջուր բեր, խմեմ», կամ՝ «ցավդ տանեմ», բայց գնում է Ազգային ժողով, ասում է՝ «հստակ», և նման բաներ, որ ինքն էլ չգիտի՝ ինչ է նշանակում: Այսինքն՝ գոնե ընտանիքի մոդելը հասցնենք պետության, մենք փորձում ենք հակառակն անել, ինչը շատ վատ է: Անկեղծությունը, սերն ընտանիքից է գալիս: Ես կուզեի՝ հավաքվեին կոմպետենտ մարդիկ՝ իրավաբաններ, հոգեբաններ, և այլն, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը դնեն ու մեր Սահմանադրությունը դրա շուրջ կառուցեն, այդ ժամանակ մենք կունենանք պետություն, որը հայրենիքի հետ նույնացած է, ընտանիքն էլ արժեք է այդ պետության համար»,- նշեց Դ. Ամալյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: