Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն կտար Իրանի քաղաքներին միջուկային հարվածներ հասցնելուն
Ամերիկացիների մեծամասնությունն անբարո ոչինչ չի տեսնում Պենտագոնի կողմից իրանական քաղաքներին հնարավոր միջուկային հարվածներ հասնելու մեջ: Դա նշել է Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Սքոթ Սագանը՝ ելույթ ունենալով Հարվադի համալսարանին առընթեր Ջոն Քենեդիի անվան կառավարման դպրոցում կայացած սեմինարում։
Նա պատմել է հասարակական կարծիքի՝ 2017 թվականի օգոստոսին անցկացված ուսումնասիրության արդյունքների մասին եւ ցույց է տվել, որ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունների ահավոր հետեւանքները ոչ մի կերպ չեն ազդել ամերիկացիների՝ Իրանի դեմ միջուկային զենք օգտագործելուն հավանություն տալու պատրաստակամության վրա:
«Հարցվածների 60 տոկոսը կպաշտպաներ 100 հազարանոց բնակչությամբ իրանական քաղաքի վրա միջուկային ռումբ նետելու որոշումը, եթե 20 հազար ամերիկացի զինվորների զոհվելու վտանգ լիներ Իրանում ցամաքային ներխուժման դեպքում,- Harvard Crimson թերթը մեջբերում է Սագանի հայտարարությունը, որը նա արել է անցած շաբաթ կայացած սեմինարում:- Այն հարցին, թե նրանք հավանություն կտային 2 մլն բնակչությամբ քաղաքին միջուկային հարված հասցնելուն, հետազոտության մասնակիցների գրեթե 60 տոկոսը նույնպես դրական է պատասխանել: Այսինքն՝ նույնիսկ միանգամից 2 մլն մարդու սպանությունը չի հուզում ամերիկյան հասարակայնությանը»:
Երբ հարցվածներին առաջարկվել է ընտրել երկու տարբերակներից՝ Իրանի դեմ պատերազմն ավարտել դիվանագիտության օգնությամբ կամ միջուկային հարված հասցնելու ճանապարհով, «40 տոկոսն արտահայտվել է դիվանագիտական ջանքերի օգտին, բայց մյուս 40 տոկոսը, միեւնույն է, ցանկանում է ատոմային ռումբեր նետել», նշել է պրոֆեսորը, հաղորդել է ՏԱՍՍ- գործակալությունը: