Բաժիններ՝

Ներքին պահանջարկի վերականգնումն ընթացել է սպասվածից արագ տեմպերով. ԿԲ

2017 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ն. Երիցյանը, Վ. Աբրահամյանը, խորհրդի անդամներ Ա. Մկրտչյանը, Ա. Ստեփանյանը, Ա. Դարբինյանը, Օ. Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2017թ-ի օգոստոսին գրանցվել է 0.4% գնանկում՝ գրեթե նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի չափ, ինչի հետևանքով 12-ամսյա գնաճը պահպանվել է նախորդ ամսվա մակարդակին՝ օգոստոսի վերջին կազմելով 0.9%: Բնականոն գնաճը շարունակել է աճել և ԿԲ ակնկալիքներին համահունչ կազմել է 1.5%, այն դեպքում, երբ սեզոնային գյուղմթերքների գների աճի տեմպերի զգալի դանդաղումը որոշ չափով զսպել է ընդհանուր գնաճի սպասվող վերականգնումը: Ընդ որում, օգոստոսին բնականոն գնաճի կառուցվածքում զգալի աճ է արձանագրվել կարագի (4.2%), մսամթերքի (0.3%), բենզինի (0.8%), հագուստի (5.2%) և կոշիկի (6.4%) գծով:

Խորհրդի նիստում քննարկվեց ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2017թ-ի առաջին կիսամյակը բնութագրվել է բավականի բարձր տնտեսական ակտիվությամբ (տնտեսական աճը կազմել է 6%), ինչը շարունակվել է նաև երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Ընդ որում, դա առավելապես չեզոքացրել է տնտեսության մյուս ճյուղերում դիտված նվազումների ազդեցությունը, որից ելնելով էլ ԿԲ-ն երրորդ եռամսյակում սպասում է կանխատեսվածից փոքր-ինչ բարձր տնտեսական աճ:

Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ այս եռամսյակ ներքին պահանջարկի վերականգնումն ընթացել է սպասվածից արագ տեմպերով, ինչին, նախկինում իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունից զատ, նպաստել է կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նշենք, որ ներքին պահանջարկի արագ վերականգնումն արտահայտվել է տնտեսության վարկավորման (օգոստոսը՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 10.0%), ներմուծման աճի (իրական 14.6%) և բնականոն գնաճի (1.5%) արձանագրված տեմպերում: Պահանջարկի և տնտեսական աճի տարեկան ցուցանիշների մասով ռիսկերը թեքվում են ավելի բարձր լինելու ուղղությամբ: Երրորդ եռամսյակում արձանագրվել է դրամական փոխանցումների բարձր աճ (զուտ 16.0%)՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումներով և, եթե մինչև տարեվերջ այդ միտումները պահպանվեն, հնարավոր է այդ ցուցանիշի մասով ԿԲ ակնկալիքների որոշակի գերազանցում:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնք երրորդ եռամսյակում ևս արտահայտվել են տնտեսական աճի բարելավման միտումների պահպանմամբ: Ընդ որում, տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասելիքները հատկապես ԵՄ և ՌԴ տնտեսությունների մասով՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով և ցածր գործազրկության մակարդակով: Մասնավորապես, Եվրոմիությունում տնտեսության դրական զարգացումների ներքո դիտվել է եվրոյի արժևորում, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ԱՄՆ դոլարը որոշ չափով արժեզրկվել է, ինչն արտահայտվել է հիմնական գործընկեր երկրներից ներմուծվող ապրանքների դոլարային գների աճողական վարքագծում:

Նշենք նաև, որ վերջին ամիսներին կարագի միջազգային շուկայում դիտվել է կտրուկ թանկացում՝ պայմանավորված պահանջարկի շարունակական աճի պարագայում առաջարկի կարճաժամկետ խնդիրներով: Միևնույն ժամանակ, պայմանավորված զարգացող երկրներում ներդրումային ակտիվության վերականգնմամբ՝ ձևավորվել են պղնձի հանդեպ պահանջարկի աճի սպասումներ, որի ներքո այդ շուկայում գրանցվել է գնի համեմատաբար բարձր աճ: Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց, որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհրդում քննարկվեց ֆինանսական շուկայի զարգացումները և փաստվեց, որ, չնայած վերջին շրջանում քաղաքականության տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանմանը, շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները շարունակել են նվազել՝ պայմանավորված բանկային համակարգում առկա ավելցուկային իրացվելիության բարձր մակարդակով:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է և կանխատեսվող սցենարով դեռևս որոշ ժամանակ կպահպանվի խթանող: Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցել համախառն պահանջարկին, ինչի հետևանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

ԿՈԴ
050.0219 Ա. 26.09.17

26 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 219 Ա

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6.0%:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով`
2.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%,
2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր ավադյան

2017 թ. սեպտեմբերի 26 Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս