Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Կարեն Անդրեասյանը դեռևս չեն հստակեցրել իրենց դիրքորոշումները՝ Ժիրայր Սէֆիլյանի կոչի վերաբերյալ. Գործընթացը սկսվել է

Ինչպես հայտնի է, անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ-ից հասցեական դիմում էր հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ» և իշխանափոխություն իրականացնել:

«Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որը, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով. Առաքելյան Արմինե, Անդրեասյան Կարեն, Ավետիսյան Վոլոդյա, Բադասյան Վահան, Բաղդասարյան Ալբերտ, Բարսեղյան Լևոն, Գրիգորյան Արմեն, Դիլբարյան Նարինե, Ենիգոմշյան Ալեք, Զոհրաբյան Ապրես, Իոաննիսյան Դանիել, Խառատյան Հրանուշ, Կարապետյան Ռուբեն, Կյուրեղյան Արմենակ, Հովհաննիսյան Արմեն, Հովհաննիսյան Թամար, Հովհաննիսյան Հմայակ, Հովհաննիսյան Րաֆֆի, Մակեյան Պետրոս, Մարտիրոսյան Արմեն, Մարտիրոսյան Վահրամ, Միքայելյան Սասուն, Պապյան Արա, Պետրոսյան Եղիշե, Ռուբինյան Կարապետ, Սանասարյան Դավիթ, Սաֆարյան Ստեփան, Փաշինյան Նիկոլ, Փոստանջյան Զարուհի, Օհանյան Սեյրան, Օսկանյան Վարդան»,- գրել է Ժիրայր Սէֆիլյանը։

Այս կոչից հետո գործիչների մի մասը հայտարարեց, որ ընդունում է Ժ. Սէֆիլյանի առաջարկը, ոմանք էլ տարբեր պատճառներով մերժեցին այն: Մերժողների թվում էին Զ. Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Դանիել Իոաննիսյանը և այլք:

168.am-ի հետ զրույցում գործընթացը համակարգող Պ. Մակեյանն ասաց, որ բանակցությունների առաջին հանդիպումն անցյալ շաբաթ են անցկացրել, նոր համալրում դեռ չկա:

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ առաջին փուլում պետք է ցուցակում ընդգրկված մարդկանց հստակեցումն իրականացնել, որից հետո կփորձենք ցուցակից դուրս համալրում կատարել: Հիմա առաջին փուլի աշխատանքներն են գնում»,- նշեց Պ. Մակեյանը:

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է անցել հանդիպումը և ովքե՞ր են մասնակցել: Ի պատասխան՝ նա ասաց, որ մոտ 20 հոգի համաձայնություն է տվել մասնակցել.

«Անունները չեմ ուզում թվարկել, քանի որ հնարավոր է՝ մոռանամ որևէ մեկին նշել: Քննարկումը եղել է բավականին բուռն: Հատկապես քննարկվել է, թե հաջորդ քննարկումները լինելու են հրապարակայի՞ն, թե՞ ոչ: Նախնական, կարծես թե, որոշել ենք առաջին մի քանի հանդիպումները ոչ հրապարակային անել, բայց այդ ուղղությամբ դեռևս քննարկումները շարունակվում են»:

Հարցին ՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Կարեն Անդրեասյանն արդեն հստակեցրե՞լ են իրենց դիրքորոշումները, խոսե՞լ եք նրանց հետ, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Այսօրվա դրությամբ նորություն չկա, առկախ է մնում ձեր կողմից նշված այդ ընկերների դիրքորոշումները: Եթե հստակություն եղավ, կիրազեկենք»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դիրքորորշում ունի Ալեք Ենիգոմշյանը, քանի որ նա սկզբնական փուլում չէր ուզում հստակեցնել իր մոտեցումներն այս հարցի հետ կապված:  Ի պատասխան՝ Պ. Մակեյանն ասաց, որ Ալեք Ենիգոմշյանը սկզբից էլ մասնակից է եղել. «Նա առաջին հանդիպմանը մասնակցել է ու համաձայնություն է տվել մասնակցելու»:

Հարցին՝ հրապարակային միջոցառում նախատեսո՞ւմ եք կազմակերպել առաջիկայում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ դեռևս լուրջ կազմակերպչական աշխատանքներ է պետք տանել, և հրապարակային միջոցառումների մասին խոսելը դեռ վաղ է: Առավել ևս, կարծես թե հրապարակային միջոցառումները կազմակերպում է Զարուհի Փոստանջյանը, անհրաժեշտության դեպքում՝ կհետևենք և կաջակցենք իրեն»:

Դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանը կարծես թե մերժել էր ձեզ միանալ՝ Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Դե, ես անձամբ չեմ բանակցել: Հրապարակային հայտարարությունների համաձայն՝ մերժել է, բայց, բոլոր դեպքերում, ինքն իրական ընդդիմադիր գործիչ է, և իր քայլերին մենք հետևում ենք: Եթե կարողացավ մոբիլիզացնել ժողովրդին, ապա մենք կաջակցենք: Իսկ եթե չհաջողվեց, կարծում եմ՝ Զարուհին ինչ-որ պահի մեզ կաջակցի»:

Տեսանյութեր

Լրահոս