Աշխարհի ամենածեր կին փախստականին թույլատրել են մնալ Շվեդիայում
Շվեդիայի դատարանը թույլատրել է երկրում մնալ 106-ամյա գաղթականուհի Բիբիխալ Ուզբեկիին՝ Աֆղանստանից, չնայած նրան արտաքսելու իշխանությունների որոշմանը: Այդ մասին հայտնել է The Local-ը:
Ուզբեկիին թույլատրել են Շվեդիայում մնալ մինչեւ 13 ամիս ժամկետով, ինչից հետո նա կարող է խնդրել երկարաձգելու իր գտնվելը երկրում: Դատարանն այս որոշումն ընդունել է՝ նկատի առնելով նրա պատկառելի տարիքը եւ Ուզբեկիի առողջական վիճակը: Նաեւ հայտնի է, որ Շվեդիայում Ուզբեկիի մնալու թույլտություն են խնդրել նրա ընտանիքի անդամները:
Շվեդիայի միգրացիոն ծառայությունում նշել են, որ, որպես կանոն, տարիքը հիմք չէ պետության կողմից պաշտպանություն ստանալու համար: Նաեւ գերատեսչությունում հայտնել են, որ, չնայած Աֆղանստանում տիրող ծանր իրադրությանը, այդ երկրում հակամարտությունը չի հասել այն մակարդակին, որն այդ երկրի ցանկացած բնակչի թույլ տար ապաստան խնդրել Շվեդիայում: