«Ագրամունտը ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հրաժարվել է նվաստացման նվազագույն ավարով հեռանալու համար». Նաիրա Զոհրաբյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Պեդրո Ագրամունտը վեհաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվել է, որպեսզի հեռանա նվաստացման նվազագույն ավարով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգի առաջին հարցը հենց Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից քվեարկությամբ հեռացնելն էր:
«Այս պարագայում նա հեռանալու էր նվաստացման առավելագույն ավարով: Ուստի, որպեսզի հեռանար նվաստացման նվազագույն ավարով, նա հրաժարական տվեց` նշելով, որ այդ քայլին գնում է իր բժիշկների խորհրդով: Ես համոզված եմ, որ նա այդ քայլին գնացել է իր «քաղաքական բժիշկների» խորհրդով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե ի՞նչ ընթացակարգով է ընտրվելու ԵԽԽՎ նոր նախագահը, Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց, որ ԵԽԽՎ նախագահն ընտրվում է ներքին քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ռոտացիոն կարգով: Ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր 2 տարին մեկ: «Մինչև հունվար պետք է նախագահեր ԵԽԽՎ ամենամեծ քաղաքական խմբակցության` Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը, որը Պեդրո Ագրամունտն էր: Հունվարից ԵԽԽՎ-ում նախագահելու է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը: Նրանք արդեն խմբակցության նիստում որոշել են, թե ով է հունվարից նախագահելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Վեհաժողովի նոր նախագահը հունվարից կլինի իտալացի Միխայելով Նիկոլետին»,- պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը: Մինչև ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունը վեհաժողովի նախագահի պարտականությունները կկատարի ամենատարեց փոխնախագահը` Ռոջեր Գեյլը:
Պեդրո Ագրամունտը երկար ժամանակ զրկված էր նիստ նախագահելու իրավունքից: Նա շարունակելու է հանդես գալ որպես ԵԽԽՎ պատգամավոր և կգլխավորի վեհաժողովում Իսպանիայի պատվիրակությունը:
Պեդրո Ագրամունտը հայտարարել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Նա գրել է, որ նման որոշում է կայացրել անձնական պատճառներով: