Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և կարևորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երևանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների բովանդակալից երկխոսության ու անմիջական շփման հարթակ:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են նման միջոցառումների պարբերական անցկացումը, ինչը, նրանց կարծիքով, թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը և քայլեր ձեռնարկել դրանք լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին: Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Մանտուրովի այցը նոր խթան կհաղորդի ռուսաստանյան և հայկական արդյունաբերողների միջև փոխգործակցությանը, կոոպերացիաների զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, որոնց հնարավորությունները մեծանում են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության շնորհիվ: