Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 9-ին կքննարկի անկախության հռչակումը
Կատալոնիայի խորհրդարանը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 9-ին, հավաքվելու է նիստի՝ քննարկելու Իսպանիայի այս ինքնավար հանրակցության անկախության հռչակման հարցը: Այդ մասին հայտնել է Կատալոնիայի կառավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Ռաուլ Ռոմեւան բրիտանական BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում:
«Խորհրդարանը կքննարկի այդ հարցը, խորհրդարանը կհավաքվի, կկայանա քննարկում, եւ դա կարեւոր է»,-ասել է Ռոմեւան: Նա հավելել է, որ Մադրիդի եւ Բարսելոնայի հարաբերություններում ստեղծված ճգնաժամը պետք է լուծել ոչ թե դատական կարգով, այլ քաղաքական գործիչների միջեւ երկխոսության ճանապարհով: Իսպանիայի Սահմանադրական դատարանն արգելել է Կատալոնիայի խորհրդարանի՝ հոկտեմբերի 9-ին նշանակված նիստը՝ փորձելով կանխել տարածաշրջանի անկախության հնարավոր հռչակումը:
Սահմանադրական դատարանի որոշումը, որն ընդունվել է հոկտեմբերի 5-ին, պաշտպանել է ոչ թե Մադրիդի կառավարության հայցը, այլ Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցությունից դատարանին ուղղված դիմումը, որը դեմ է անկախությանը: Տարածաշրջանային խորհրդարանի կողմից ինքնավարության անկախության հռչակումը կխախտեր այդ կուսակցությունից խորհրդարանի անդամների իրավունքները, ասված է դատարանի որոշման մեջ:
Հոկտեմբերի 1-ին ինքնավար հանրակցությունում քվեարկություն է անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու հարցի շուրջ: Դրան մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 5,31 մլն կատալոնացիներից 2,26 միլիոնը, ընդ որում՝ քվեարկության մասնակիցների 90 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը: Մադրիդն այս հանրաքվեն համարում է անօրինական եւ հրաժարվում է ճանաչել դրա արդյունքները: Իսկ Բարսելոնայում դեռ մինչեւ քվեարկությունը հայտարարել էին, որ հանրահարցումն օրինական եւ իրավաբանորեն պարտավորեցնող ուժ է ունենալու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: