ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի (ք. Երևան) և Նելլի Պողոսյանի (ք. Երևան)՝ հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:
Ստուգման արդյունքում խախտումներ են հայտանբերվել նաև «Գյումրի համայնքի Լիլիթ» ՀՈԱԿ-ում: Մանկապարտեզը ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարաներում, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից: Մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ:
Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը: