Ռոդոսի «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը քննարկելու է մոլորակի ապագան
Ռուսաստանից, Հունաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իրանից, Չինաստանից, Նիգերիայից ու էլի մի շարք երկրներից ժամանած քաղաքական, հասարակական, կրոնական գործիչները եւ գիտնականները հավաքվում են Ռոդոսի «Քաղաքակրթությունների երկխոսություն» 15-րդ համաժողովին, որը հոկտեմբերի 6-7-ին քննարկելու է մոլորակի ապագա զարգացման սցենարները շարունակվող լոկալ պատերազմների եւ միգրացիոն ճգնաժամի, սառը պատերազմի արձագանքների եւ միջազգային ահաբեկչության սպառնալիքի պայմաններում։
«Հոբելյանական համաժողովի գլխավոր թեման է՝ «Գլոբալ եւ տարածաշրջանային զարգացման բազմաբեւեռայնությունն ու երկխոսությունը. ապագայի հնարավոր սցենարները»: Այն հայտնի քաղաքական գործիչներին, գործարարներին, հասարակական գործիչներին եւ գիտնականներին հարթակ կտրամադրի միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերի շուրջ լայն բանավեճերի համար»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել են համաժողովի կազմկոմիտեում:
Ավանդաբար «Քաղաքակրթությունների երկխոսությունը» մեծ ուշադրություն է հատկացնում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը, հարուստների եւ աղքատների միջեւ անջրպետի կրճատմանը եւ ընդհանուր առմամբ ավելի արդար աշխարհակարգի կառուցմանը:
Այս տարի համաժողովի մասնակիցները մտադիր են նաեւ կանխատեսել գլոբալ տնտեսական եւ սոցիալական թրենդները եւ չեն բացառում դրանց վրա ազդելու հնարավորությունները: Համաժողովի շրջանակներում կանցկացվեն «Գլոբալացումը եւ ժողովրդավարության ապագան» եւ «Գլոբալ ենթակառուցվածքի զարգացման սցենարները. որտեղ հանդիպում են բանկերի, ինդուստրիաների, կառավարությունների եւ հասարակությունների շահերը» գագաթնաժողովները: