«Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն». Առողջապահության նախարար
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձավ հակածխախոտային պայքարին: Նա նկատեց, որ իրենց ներկայացրած ծրագրի մասով կային որոշ տարաձայնություններ:
«Ոչ մի երկրում նախարարությունը չի կարող առանց հասարակության աջակցության այս ծրագիրն իրականացնել և հաջողության հասնել, բայց այն, որ այս ծրագիրն ուղղակի պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում, այլ կարծիք չկա: Պետք է կարողանան հասարակությանը հասցնել այն միտքը, որ, եթե մեծահասակները ծխում են, նրանք կարող են շարունակել ծխել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երիտասարդ սերունդը չվերցնի սիգարետը և չսկսի ծխել: Մի խոսքով՝ պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն ու պետք է առողջ մնան, սիգարետի հոտ նրանց վրայից չպետք է գա»,- նշեց Լ. Ալթունյանը:
Նա նկատեց, որ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր Հայաստանում մահացությունների հիմնական պատճառն են. «Պետք է անենք այնպես, որ ծխելը Հայաստանում դարձնենք ոչ մոդայիկ գործառույթ»: