Բաժիններ՝

Շիրակի պետական համալսարանի դասախոսները Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջ չեն ներկայացրել

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բուհում օրեր շարունակ ստուգումներ էին անցկացվում:

«6 հոգի էին, ներկայացնում էին Կրթության և գիտության նախարարության տարբեր ստորաբաժանումներ: Մենք մեր ապացույցներով ներկայացանք: Դեռ ավելին՝ մի շարք ապօրինությունների և անօրինականությունների մասին տեղեկություններ ենք տրամադրել: Մասնավորապես այն մասին, որ հոկտեմբերի 2-ին ռեկտորը հավաքելով նոր գիտխորհուրդ՝ որոշում է ընդունել նոր ուսումնական պլաններ կազմելու և նոր դասաբաշխում կատարելու մասին: ՀՀ ո՞ր բուհում է նման բան տեղի ունենում, որ դա տեղի է ունենում Շիրակի մայր բուհում: Մենք ակնկալում ենք արդար քննություն, ադեկվատ պատասխան Կրթության և գիտության նախարարության կողմից, որպեսզի տեղի ունեցածին ճշգրիտ որակավորում տրվի»,- նշեց Գ. Համբարյանը:

Հարցին՝ ե՞րբ են ստուգողները հրապարակելու բուհում ստուգումների իրականացման եզրակացությունը, Գ. Համբարյանը պատասխանեց, թե եզրակացության հրապարակման մասին տեղեկություններ չունի:

Ինչ վերաբերում է Շիրակի պետական համալսարանի բուֆետի շինարարությանը, ապա նա ասաց, որ դրա վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 25 մլն դրամ, իսկ դահլիճի վերանորոգման համար (ինչի անհրաժեշտությունը բուհը չի ունեցել և հիմա էլ չունի), այս պահի դրությամբ ծախսվել է 118 մլն դրամ:

«Սա՝ այն դեպքում, երբ ձեզ հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Արտյուշ Մկրտչյանը հայտարարել էր, որ Պիոներ պալատի շենքի հիմնանորոգման համար (այն քարուքանդ եղած շենք էր), քաղաքապետարանը ծախսել է ընդամենը 32 մլն դրամ: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է լինում, որ քաղաքապետարանին հաջողվում է երկհարկանի բավական մեծ շենք վերանորոգել, իսկ մեր փոքրիկ բուֆետը մեր վրա նստում է 25 մլն դրամ»:

Հարցին, թե ինչպե՞ս եք ձեռք բերել այդ տվյալները, մասնավորապես՝ բուհի բուֆետի շինարարության վերաբերյալ, Գագիկ Համբարյանը պատասխանեց.

«Այդ ամեն ինչը փաստաթղթավորված կա, և պետք է այլ բան էլ նշեմ՝ պարոն Մինասյանը (խոսքը Սահակ Մինասյանի մասին է.- Ա.Ս.) մինչև հիմա չի ասել, որ այդ տվյալներն ապատեղեկատվություն են, որովհետև չի կարող ասել. հաստատված, փաստարկված թվեր են: Դուք նկատե՞լ եք՝ պարոն Մինասյանը շատ պրոֆեսիոնալ կերպով հարցազրույցների ժամանակ շրջանցում է թե´ բուֆետի, թե´ դահլիճի թեման՝ փորձելով դահլիճի թեման այլ դահլիճների հետ կապել՝ հասկանալով, որ շատ դեպքերում տեղյակ չեք լինի, որ այս դահլիճի վերանորոգումից առաջ բուհում տեղի է ունեցել ֆիզկուլտ դահլիճների վերանորոգումը, որը, իրոք, անհրաժեշտ է եղել: Բայց այն, ինչն անհրաժեշտ չէ, ապօրինի է, մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, դրանց մասին բարձրաձայնել ենք»:

Խոսելով գրադարանի մասին՝ Գ. Համբարյանը նշեց. «Տարբերություն չկա՝ 400 գրամ է, թե 6 տոննա: Կարևորն այն է, որ այդ գրքերը ոչնչացվել են ոչ համապատասխան օրենքի կետերը հաշվի առնելով: Բացի այդ, ես շարունակում եմ պնդել, որ ոչնչացվել է 15 տոննա գիրք: Եթե նույնիսկ ինստիտուտում որոշակի քանակությամբ գիրք ոչնչացվել է, ապա այդ մասին կոնկրետ տեղեկություն պետք է լինի, որը բացակայում է»:

Գ. Համբարյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքը և պարոն Խորիկյանը շփվում են ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, նա պատասխանեց. «Ես նորմալ բարևում, անցնում եմ, երբ ռեկտորին տեսնում եմ: Մեր մեջ անձնական որևէ հարց չկա: Որպես ինստիտուտի աշխատող, գտնում եմ, որ պարոն Մինասյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ պետք է լինեմ: Նույնը պարոն Խորիկյանն է, մենք նույն ինստիտուտում ենք աշխատում»:

Հարցին, թե այսպես շարունակելու դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում բուհին, Գ.Համբարյանը պատասխանեց, թե չգիտի: Միաժամանակ նա նշեց, որ Երևանի բուհերից մեկում աշխատող իր ընկերներից մեկն իրեն հետաքրքիր բան է ասել. «Եթե Երևանի որևէ բուհում ռեկտորն այսպիսի բաներ աներ, ինքը ոչ միայն կհայտնվեր դրսում, այլև նրա դեմ քրեական գործ կհարուցվեր: Իսկ դուք գավառ եք, և ձեզ վերաբերվում են՝ որպես գավառային բուհի»:

Սակայն Գ. Համբարյանն հուսով է, որ ՀՀ ԿԳՆ-ն Շիրակի մայր բուհի հանդեպ այդպիսի վերաբերմունք չունի:

Գ. Համբարյանից հետաքրքրվեցին՝ պահանջելո՞ւ են արդյոք Սահակ Մինասյանի հրաժարականը: Ի պատասխան՝ նա ասաց. «Մենք այդպիսի պահանջներով բացարձակ հանդես չենք եկել: Ռեկտորը կմնա՞ իր տեղում, թե՞ չի մնա, դա իշխանությունների որոշելիքն է: Մեխանիկորեն այդ ամենը կախված է այն եզրակացությունից, որը կտա ԿԳՆ-ն: Մենք ընդամենը բարձրաձայնել ենք ապօրինությունների, անօրինականությունների մասին, որոնք տեղի են ունեցել ինստիտուտում մեկ տարվա ընթացքում»:

Միաժամանակ նա տարակուսանք հայտնեց՝ եթե իրենք չբարձրաձայնեին բուհում առկա խնդիրների մասին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քնած պետք է մնար և հանգիստ պետք է նայե՞ր, թե ինչեր է կատարվում Շիրակի պետական համալսարանում:

168.am-ը փորձեց վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալ նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանից: Սակայն մեր բոլոր հարցերին Ս. Մինասյանը պատասխանեց շատ կարճ. «Ուսումնասիրություններ են կատարվում, ամեն ինչ կպարզաբանենք, կիմանաք»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս