Լավրովը ենթադրություններ է համարել Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարման վերաբերյալ հաղորդումները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սոսկ խոսակցություններ եւ ենթադրություններ է համարել Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելու մտադրության վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ես չես սիրում մեկնաբանել ասեկոսեները, ԶԼՄ-ների կարծիքն ինձ համար շատ հարգելի կարծիք է, բայց դա, այնուամենայնիվ, դեռեւս ենթադրություն է»,-ասել է Լավրովը՝ մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումները: Հոկտեմբերի 5-ին Washington Post թերթը հայտնել է, որ նախագահ Թրամփը հաջորդ շաբաթ մտադիր է հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքի լուծարման մասին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: