
Ասկերանի շրջանի Շոշ գյուղը կապահովվի խմելու մշտական ջրով

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին այցելել է շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» բարեգործական հիմնադրամի՝ Ստեփանակերտում գտնվող հիմնադիր Ժակ Մարտենին:
Ա. Հարությունյանը, նախ, հետաքրքրվել է նրա կնոջ՝ Դանիել Մարտենի առողջությամբ, ում առողջական խնդիրներով պայմանավորված՝ ամուսինները երեկ՝ հոկտեմբերի 5-ին, չեն կարողացել մասնակցել հիմնադրամի համաֆինանսավորմամբ Մարտունու շրջանի Հացի գյուղում կառուցված ջրագծի բացման պաշտոնական արարողությանը, ապա երախտագիտություն է հայտնել բարերարներին՝ Արցախում ավելի քան մեկ տասնյակ համայնքների ջրագծերի կառուցման ծրագրերը համաֆինանսավորելու համար: ԱՀ պետնախարարը նշել է, որ, որպես երախտագիտության նշան, առաջիկայում Շուշի քաղաքում ցայտաղբյուր կկառուցվի՝ ի հիշատակ տեր և տիկին Մարտենների որդու, ում անունն է կրում բարեգործական հիմնադրամը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ուշադրության համար՝ Ժակ Մարտենը նշել է, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունն ունենալ Արցախի զարգացման գործում, և առաջիկայում պատրաստվում են սկսել Ասկերանի շրջանի Շոշ գյուղը խմելու մշտական ջրով ապահովելու ծրագրի ֆինանսավորումը: