
Թուրքիայի արտգործնախարարը հորդորել է Բարզանիին հետ կանգնել գործած սխալից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ հորդորել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիին հրաժարվել անկախության հանրաքվեից ու դրա արդյունքներից: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
«Անհրաժեշտ է, որ բոլորը պահպանեն այն դիրքերը, որն ունեին նախքան հանրաքվեն: Բարզանին կարող է հետ դառնալ սխալից: Հանրաքվեից առաջ, չլսելով իրեն ուղղված կոչերը, Իրաքի և մասնավորապես տեղի քրդերի ապագան վտանգի ենթարկեց, բայց անհրաժեշտ է, որ այժմ ականջ դնի այդ կոչերին ու հետ դառնա գործած սխալից»,- ասել է Չավուշօղլուն:
Նա հայտնել է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը դեռևս վերջնաժամկետ չի ներկայացվել, սակայն այդ հարցը Իրաքի ղեկավարության հետ քննարկման մեջ է:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին հանրաքվե է իրականացվել, որի մասնակիցների 92.73 տոկոսն «այո» է ասել անկախությանը: