«Հայաստանը մտադիր է միանալ ընդհանուր ջանքերին և իր ներդրումն այդ գործում դարձնել նշանակալից և անփոխարինելի». Արա Աբրահամյան
«Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի» կազմակերպիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ելույթ է ունեցել «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին»: Ելույթում ասված է.
«Մեր առաջին համաժողովը կայացել է անցյալ տարի՝ Երևանում և մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում:
Առաջին համաժողովին մասնակցել է 37 երկրի ավելի քան 800 մասնակից: Այս համաժողովին մենք ունենք է՛լ ավելի շատ հյուրեր:
Մեր երկրորդ համաժողովի հիմնական թեման է «Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական գործընկերության երկրներում»:
Մեր խնդիրն է նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից գործարքներ իրականացնելու համար:
Համաժողովի աշխատանքը նպատակաուղղված կլինի արդյունավետ լուծումների բացահայտմանը, որոնք խթանում են տարածաշրջանային տնտեսական համախմբումը և ներդրումային հոսքերի ավելացմանը նպաստող բաց նորարարությունների զարգացումը:
Ես կցանկանայի ընդգծել մեր համաժողովի չորս հիմնական նպատակները:
Առաջինը ԵԱՏՄ-ի տնտեսական ներուժի, այդ թվում նաև անդամ պետությունների տնտեսական գործունեության մասին իրազեկության բարձրացումն է:
Երկրորդը՝ տարածաշրջանային և ազգային գործարար ու ներդրումային հնարավորությունների խթանումը:
Երրորդը՝ համաժողովը թույլ կտա ընդլայնել և խորացնել երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՇՀԿ անդամ երկրների գործարար համայնքների միջև բիզնես նախագծերի իրականացումը:
Եվ չորրորդը՝ երկկողմ և բազմակողմ կապերի հաստատումը բիզնես համայնքների միջև:
Կարելի է վստահորեն ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը, որի ծրագրերը մենք խթանում ենք համաժողովի ընթացքում, ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը:
Վերջին տարիներին ԵվրԱզԷՍ-ի բոլոր երկրներում մակրոտնտեսական ցուցանիշները զգալիորեն բարելավվել են:
Գործընկերության սահմաններում լուծում է ստացել սոցիալ-տնտեսական խնդիրների ամենալայն շրջանակը: Մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան չորս անգամ: Մեր համագործակցությունը ամրապնդվեց, Եվրասիական տնտեսական միության հեղինակությունն աճեց համաշխարհային ասպարեզում:
Մեր հաջողությունները զարգացնելու համար մենք պետք է վերածենք Եվրասիան «խելացի» կառավարվող տարածաշրջանի, այսինքն, մի տարածաշրջանի, որտեղ կկիրառվեն նորարարություններն ու հատուկ մասնագիտացումները:
Եթե յուրաքանչյուր երկիր ինտեգրացիայի համար առաջարկի իր լավագույն ռեսուրսները, տաղանդներն ու հնարավորությունները, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել «խելացի» կառավարվող տարածաշրջանի տնտեսական աճը:
Եթե մենք համախմբենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր մասնակից երկրների մարդկային և մտավոր ռեսուրսները, ապա շուտով մենք կդառնանք ոչ միայն «խելացի», այլև բարգավաճ տարածաշրջան:
Հայաստանը մտադիր է միանալ ընդհանուր ջանքերին և իր ներդրումն այդ գործում դարձնել նշանակալից և անփոխարինելի:
Չնայած նրան, որ իմ հայրենիքը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ Հայաստանը հարուստ է հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական և գիտատեխնիկական ռեսուրսներով:
Ելնելով այս ամենից՝ Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն՝ դառնալով «Նոր Մետաքի ճանապարհի», այսպես կոչված,«դարպասը»:
Նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը Հայաստանը կդարձնեն Եվրասիական տնտեսական միության եռանդուն և բարգավաճ խաչմերուկ:
Համաժողովին նույն սեղանի շուրջ մենք համախմբում ենք ներդրողների, գործարարների, գիտնական-գյուտարարների և կառավարության ներկայացուցիչների՝ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու և առավել համարձակ ու առաջատար նորարարությունների, ներդրումների և համատեղ տնտեսական նախաձեռնությունների համար կանաչ լույս ապահովելու նպատակով:
Մինչև այս համաժողովը Եվրասիական տնտեսական միությունը գոյություն ուներ և գործում էր միջազգային գործարարներից առանձին: Համաժողովը նրանց համար մշտական, ակտիվ և փոխշահավետ համագործակցության սկիզբը կդառնա:
Հուսով եմ, որ համաժողովը, որին պատիվ եմ ունեցել Ձեզ հրավիրել, տնտեսական շարժիչ կդառնա բոլոր այն երկրների համար, որտեղից եկել են մեր պատվարժան հյուրերը, և բոլոր այն բիզնեսների համար, որոնցով նրանք զբաղվում են:
Հուսով եմ նաև, որ մեր համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը մեզ իրարից բաժանող հակամարտությունների լուծման համար:
Այս համաժողովի ընթացքում մենք շարունակում ենք ձևավորել նոր ապագա Եվրասիայի համար»: