Բաժիններ՝

Իսպանիայի դատարանն արգելել է Կատալոնիայի խորհրդարանի նիստը

Իսպանիայի Սահմանադրական դատարանն արգելել է Կատալոնիայի խորհրդարանի՝ հոկտեմբերի 9-ին նշանակված նիստը՝ փորձելով կանխել տարածաշրջանի անկախության հնարավոր հռչակումը, տեղեկացնում է BBC-ին:

Սահմանադրական դատարանի որոշումը, որն ընդունվել է հոկտեմբերի 5-ին, պաշտպանել է ոչ թե Մադրիդի կառավարության հայցը, այլ Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցությունից դատարանին ուղղված դիմումը, որը դեմ է անկախությանը: Տարածաշրջանային խորհրդարանի կողմից ինքնավարության անկախության հռչակումը կխախտեր այդ կուսակցությունից խորհրդարանի անդամների իրավունքները, ասված է դատարանի որոշման մեջ:

Կատալոնիայի սոցիալիստները գրեթե 13 տոկոս ձայն են ստացել 2015 թվականի ընտրություններում, տարածաշրջանային խորհրդարանի կազմում կուսակցությունն ունի 13 տեղ՝ 135-ից: Ավելի վաղ Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը կոչ է արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ հրաժարվել միակողմանի կարգով անկախության հռչակման գաղափարից:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ «լավագույնը շուտափույթ վերադարձն է օրինականության պահպանմանը եւ հնարավորինս շուտ այն բանի ընդունումը, որ անկախության միակողմանի հայտարարում չի լինի»: Այս դեպքում, նրա խոսքով, հնարավոր կլինի «խուսափել էլ ավելի մեծ վնասից»: Մինչդեռ Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերի ընթացքում: Նա ասել է, որ Կատալոնիայի կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի «այս շաբաթվա վերջին-հաջորդ շաբաթվա սկզբին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս