«Այդ նկարի թռչունին ես չեմ խփել». ՀՀԿ-ական գյուղապետ. «ՀԺ»
Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը պնդում է, որ համացանցում հրապարակված իր լուսանկարները հին են, եւ ինքը Կարմիր գրքում գրանցված սպիտակ անգղների որս չի արել: Այս մասին Մկրտչյանն ասաց «ՀԺ»-ի հետ զրույցում:
– Պարոն Մկրտչյան, տեսե՞լ եք, որ սոցիալական ցանցերում տարածվել են ձեր լուսանկարները, որտեղ դուք նկարվել եք Կարմիր գրքում գրանցված թռչունների հետ, որոնք սատկած վիճակում են:
– Հա, ոնց չէ:
– Կասե՞ք ինչ եք որսացել:
– Մենք չեն որսացել, դա 2007 թվականի նկար է ու 6-ից 7 տարի իմ սայթում գցած է եղել: Դա ես իմ ընկերոջ հետ Բագարան գնալուց ճանապարհին տեսանք, որ սատկած, գցած էր: Անցորդներ էլ կային, այնպես էր, որ բոլորն էլ կանգնում էին, նկարվում էին: Մենք էլ հետաքրքրության համար կանգնեցինք, ասեմ, որ մեզ էլ անցորդներից մեկն է նկարել: Ու այդպես գնացինք մեր ճանապարհով, չգիտեմ ինչի հիմա այնպիսի արձագանք է ստացել, որ նոր բան չէ:
– Կոնկրետ ե՞րբ է եղել այդ դեպքը:
– Կոնկրետ 2007 թվականին է եղել, բայց 6-7 տարի է, որ սայթում գցած է: Օդնոկլասնիկիում է գցած եղել, վերցրել են, ֆեյսբուքով հրապարակել են:
– Ենթադրենք հին նկար է եղել: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ձեզ հրավիրե՞լ են բացատրություն տալու:
– Այո, այո, մեկ երկու ժամից պետք է գնամ եւ բացատրություն տամ:
– Որսով առհասարակ զբաղվո՞ւմ եք:
– Այո, ես 12 տարի է «Որսորդ միության» անդամ եմ:
– Ի՞նչ եք որսում:
– Ես հիմնականում գայլ եմ որսում, ցավդ տանեմ: Դե լոր է, բան է: Պարզ ասեմ՝ կաքավ Էլ եմ խփել, նապաստակ էլ եմ խփել, քայլում ես ոտքիդ տակ ընկնում է, խփում ես: Ինչ մնում է նման թռչունների վրա կրակելը, ինձ հետաքրքիր էլ չի, կրակես ի՞նչ անես:
– Վստահ ասում եք, որ 2007 թվականի դե՞պք է:
– Դա դժվար չի պարզելը ոստիկանությունում, որ դա 2007 թվականի բան է: Եթե ես է արած լինեի, վաղեմության ժամկետ գոյություն ունի, եթե ինչ-որ տույժ, տուգանք…, չի կարա իմ հանդեպ լինի: Պարզ ասեմ՝ ինչ կա էն ա, ուղղակի այդ տարածքը շատ որսորդներ են գնում-գալիս, հիմա մեկին հանդիպել է, կրակել է, թողել գնացել է, մենք էլ պատահական հանդիպել ենք, էդ ձեւ:
– Լավ, նկարվելու հետաքրքրությունն ինչո՞ւմ էր կայանում:
– Դե մեծ թռչուններ էին, այնտեղ ուրիշ մարդիկ էլ էին նկարվում, մենք էլ կանգնանք նկարվեցինք, հուշ որպես:
– Ասացիք, եթե դուք էլ արած լինեք, վաղեմության հարց կա եւ այլն: Այսինքն՝ հնարավոր է նաեւ, որ դո՞ւք էլ արած լինեք:
– Չէ, ցավդ տանեմ, ուզում եմ ասել՝ եթե ես արած լինեմ, կասեմ՝ ես եմ արել, բայց այդ ժամանակ ես 25 տարեկան եմ եղել, իմ սխալի համար կզղջամ, սենց ընենց: Ուզում եմ ասել՝ խնդիր չկա: Ես չեմ արել, չասե՞մ, որ չեմ արել:
– Հիմա քանի՞ տարեկան եք:
– 36:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: