![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի կառավարությունը կզիջի նոր աշխատատեղեր ստեղծող ընկերությունների շահութահարկը
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Vardan-Harutyunyan.jpg)
ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանեց գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ ըստ այդմ սահմանվում են այն եկամտատեսակները, որոնք համարվելու են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
«Առաջարկվում են նաև նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ հաշվարկվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման առավել հստակ մեխանիզմներ: Արդյունքում ակնկալվում է ապահովել շահութահարկի արտոնության կիրառման հնարավորությունը: Ըստ այդմ, պետությունը շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով բիզնեսին աջակցում է՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով: Որոշման ընդունումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Հարությունյանը:
Շահութահարկի դուրսգրում կստանան միայն կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին հորդորել է կիրառել այնպիսի գործիքակազմ և վարչարարություն, որպեսզի գործարարների համար արհեստական բարդություններ չստեղծվեն: