«Ընդունենք՝ միջադեպ ա, եղել ա, 4 տարի էդ մարդու հետ հլը աշխատելու ենք, ինչի՞ եք բորբոքում». Արտաշես Գեղամյան
«Ընդունենք՝ միջադեպ ա, եղել ա, 4 տարի էդ մարդու հետ հլը աշխատելու ենք, ինչի՞ եք բորբոքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը` դուրս գալով ՀՀԿ խմբակցությունից, որտեղ քննարկվում էր այսօր առավոտյան «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նրա միջև տեղի ունեցած ծեծկռտուքն ու վիճաբանությունը:
Գեղամյանը փորձեց խուսանավել թեմայից` ասելով, թե քննարկել են առաջիկայում Երևանում կայանալիք հայ-ռուսական խորհրդարանական համատեղ հանձնաժողովի նիստի վերաբերյալ հարցեր:
Նա կրկնեց, որ, եթե բռունցքներով որևէ մեկի վրա հարձակված լիներ, այդ անձը հիվանդանոցում հայտնված կլիներ:
«Ցավով եմ ասում, որ կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել: Նման բան չի եղել»,- ասաց Գեղամյանը:
Ըստ նրա` պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը բաժանելու խնդիր չուներ, որովհետև «գրկախառնություններ չեն եղել»:
168.am-ի հարցին` Փաշինյանը ստո՞ւմ է, Գեղամյանը հայտարարեց, թե բացարձակապես չգիտի, թե ինչ է ասել Փաշինյանը, որ հերքի կամ հաստատի: Մ
եր դիտարկմանը, որ, սակայն, կոշիկներ փայլեցնելու պահից տեղյակ է, ինչի մասին Փաշինյանը գրառում էր արել Ֆեյսբուքում` միաժամանակ նշելով Գեղամյանի բռունցքների մասին, Գեղամյանը պատասխանեց. «Կոշիկները փայլեցնելու պահը գիտեմ, ասեմ` որպես հումոր, իմ դուրը շատ եկել է»:
Նրա բնորոշմամբ` ինքն իր անհամաձայնությունն է հայտնել այն դրսևորումներին, որ վերջին օրերին եղել են ԱԺ ամբիոնից, և բացատրական աշխատանք է տարել շատ համոզիչ կերպով: