«Դուք չլսեցիք, մենք նշեցինք». Դավիթ Լոքյանը՝ Կարեն Կարապետյանին
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ փոփոխություններ կատարվեցին մարզպետարանների աշխատակազմում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ մարզերի ռազմավարություններում ուղղակիորեն ֆիքսվում է, որ բոլոր մարզերի համար գերակա ուղղություն է դառնում զբոսաշրջությունը։
«Մենք առաջարկում ենք, որ մարզպետարանների կառուցվածքում փոփոխություն իրականացվի, և համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման և վերլուծության բաժինն է, ունենա «զբոսաշրջություն» բառն իր անվանման մեջ»,- ասաց Դավիթ Լոքյանը։
«Մենք ոչ միայն դեկորատիվ անվանումն ենք փոփոխում, մենք նաև փոխում ենք այդ վարչության բաղադրիչը, չէ՞»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դավիթ Լոքյանն արձագանքեց. «Միանշանակ, պարոն վարչապետ։ Դուք չլսեցիք, մենք նշեցինք, որ, քանի որ ռազմավարություններում բոլորի համար զբոսաշրջությունն ամրագրված է՝ որպես գերակա ուղղություն՝ մյուս ուղղությունների հետ միասին, սա պարտադիր մտցնում ենք»։