«Դատապարտելի է…». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին օրինագիծը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ինչպես իմ ֆեյսբուքյան էջում նշել եմ, մոտ մեկ ժամ առաջ Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա, ու հետաքրքիրն այն է, որ հիմա նա մամուլին հերքում է: Եղել են  վկաներ: Ասածս հետևյալն է, որ մենք պարզաբանում ենք պահանջում ՀՀԿ-ից, և սա պետք է հստակ պարզաբանվի, թե այս խուլիգանական արարքն ի՞նչ կապ ունի ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե՝ ձեր «պադեզդները» զգույշ մտեք, կարող է ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա շատ լուրջ հարց է,  և մենք մտադիր ենք մինչև վերջ հետամուտ լինել այս հարցով»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Իսկապես, մենք բոլորս մեր մտահոգություններն ենք հայտնում ցավալի դեպքի  կապակցությամբ, և, իհարկե, բոլորիս պարտքն է, որ լինեն և՛ պարզաբանումներ, և՛ գնահատականներ, պառլամենտում պետք է պառլամենտարիզմին բնորոշ գործընթացներ գնան»:

Օրինագծի հարակից զեկուցող, ՀՀԿ փոխնախագահ Ամեն Աշոտյանն էլ այսպես արձագանքեց. «Խնդրում եմ՝ հետամուտ լինեք Կանոնակարգ-օրենքի լիարժեք կատարմանը: Տեղյակ չեմ միջադեպից, բոլոր դեպքերում դատապարտելի է քաղաքական մշակույթի մեջ ցանկացած միջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական գործիքակազմով լուծելու փորձը: Եթե փորձենք կապել սնդիկի հետ, քաղաքական էկոլոգիական շրջապատում որոշակի խնդիրներ կան, որոնք միասին պետք է լուծենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս