
«Մեկ այլ անձ, ով իսկապես շտապ օգնության կարիք ունի, զրկվելու է շտապ բժշկական օգնության ծառայությունից»

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթաացքում բացասական եզրակացություն տվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ առաջարկվում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում վարչակազմն անմիջապես տեղեկացնի շտապ բժշկական օգնության ծառայություն, որը պետք է գա և ամրագրի մարմնական վնասվածքները:
Նա ասաց, որ իրենց կարծիքով՝ խնդիրն ու լուծումը բացարձակապես չեն համապատասխանում միմյանց:
«Շտապ բժշկական օգնությունն օգտագործվում է շտապ բժշկական դեպքերում, բայց ոչ այս դեպքում: Պետք է նշեմ, որ վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված՝ մենք մի շարք կարևոր փոփոխություններ ենք կատարել, և այդ փոփոխությունների մեջ մտնում է Ստամբուլյան արձանագրության համապատասխան բժշկական քարտի վարումը, և այլն:
Ավելին, գործող օրենսդրությունը նախատեսում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձը կարող է այդ զննմանը հրավիրել նաև իր ցանկացած բժշկին: Շտապ բուժօգնությունը ոչ նպատակահարմար ենք համարում՝ մի կողմից՝ ծախսերն ավելացնելու առումով, բացի դրանից՝ մեկ այլ անձ, ով իսկապես շտապ օգնության կարիք ունի, զրկվելու է շտապ բժշկական օգնության ծառայությունից»,- ասաց Դավիթ Հարությունյանը: