
«Մենք իրականում մեծ ներուժ ունենք». Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացման վերաբերյալ:
Նրա խոսքով՝ վերջերս կայացած «ԴիջիԹեք Էքսպո» 2017թ. ընթացքում կրկին արձանագրել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահանման ներուժը:
«Միաժամանակ ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Մասնավորապես՝ առկա է նոր շուկաների մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարկետինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին՝ մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր՝ համապատասխան գործիքների նախատեսմամբ:
Մենք իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք, կիրառական պրոդուկտ սարքելու, այն վաճառելու պրոբլեմ ունենք: Այստեղ պետք է կանգնենք բիզնեսի կողքին»,- ասաց գործադիրի ղեկավարը: