
«Հայաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում ամենաառաջավորն է պետական գնումների կազմակերպման առումով». Կարեն Թամազյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը հայտնեց, որ ՀՀ ներկայացուցիչը վերապահումով է ստորագրել այս արձանագրությունը. «Նախատեսվում է, որ ԱՊՀ անդամ բոլոր պետությունների համար լինեն պետական գնումների իրականացման և սահմանափակման միասնական կանոններ, որոնք արդեն իսկ արտացոլված են մեր օրենքում: Այսինքն՝ ներկայացված նախագծով ՀՀ-ն որևէ լրացուցիչ պարտավորություն չի ստանձնում: Վերապահումով է ստորագրվել, որովհետև պետական գնումների մասին հայտարարությունները հրապարակվում են ռուսերեն, Հայաստանը դրան համաձայն է, բայց այլ հայտարարությունների և արձանագրությունների ռուսերեն հրապարակվելու մասով Հայաստանը վերապահումով է ստորագրում»:
Կ. Թամազյանն ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում ամենաառաջավորն է պետական գնումների կազմակերպման առումով. «Մենք միակն ենք, որ 2012 թվականին դեռևս միացել ենք Համաշխարհային առևտրի կազմակերպության պետական գնումների համաձայնագրին: Ռուսաստանը նոր է քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ: Այսինքն՝ մեր օրենսդրությունն առաջավոր է, և մեր ԵԱՏՄ գործընկերները փորձի փոխանակման արդյունքում բավականին տեղեկատվություն և փորձ են մեզնից վերցնում»: