Նապոլեոն Ազիզյանը Հայաստանը համեմատում է Գերմանիայի ու Չինաստանի հետ
«Բոլոր երկրներն էլ պետական պարտքը չեն նայում` ավելանում է, թե չէ: Ուղղակի պետական պարտքի ավելանալու հետ պիտի շահույթ ստանան, որ էդ շահույթով փակեն: Շատ զարգացած երկրներ` Գերմանիա, Չինաստան, բոլորն էլ մեծ արտաքին պարքեր ունեն: Արտաքին պարտքն էդքան սարսափելի բան չի թվերով արտահայտած»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը` հավաստիացնելով, թե ՀՀ արտաքին պարտքի չափը մտահոգիչ չէ:
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ ծախսվել նախկինում վերցված արտաքին պարտքը, Ն.Ազիզյանը պատասխանեց, որ պետությունն ուզի, թե չուզի գումարները հիմնականում դրվում են այնպիսի տեղերում, որտեղից իրենց ստացած տնտեսական էֆեկտը չես կարողանում զգալ, օրինակ` ենթակառուցվածքներում, լճերում և այլն:
Հարցին` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուց, որը վարկային միջոցներով է կառուցվում, գո՞հ եք, Ն.Ազիզյանը պատասխանեց.
«Դե, էդ էնպես չի, որ մերոնք են անում: Տենդեր ա հայտարարվել, շահել ա արտասահմանյան կազմակերպություն, անում են»:
Մեր նկատառմանը, որ վարկը ՀՀ-ն է վերցրել, բայց անորակ ճանապարհ է կառուցվում, այսինքն` արդյունավետ չեն ծախսվում գումարները, Ն.Ազիզյանը պատասխանեց, թե ինքը ճանապարհի մասնագետ չէ, բայց ճանապարհն այդքան էլ անորակ չի և չի զիջում Վրաստանի համանման ճանապարհներին, իսկ երթևեկության ժամանակ լսվող դղրդոցն, ըստ նրա՝ ճանապարհի մաշվելուն զուգընթաց կանցնի: