«Թուրքիայի խնդիրները շատ ավելի մեծ են, քան Ղարաբաղյան խնդիրը և Ադրբեջանին ծառայություններ մատուցելու ցանկությունը». Ստեփան Սաֆարյան

«Կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումը չի կարող ուղղակի Հայաստանում ուշադրությունից դուրս լինել, որովհետև դրանք ակնհայտորեն վերաբերում են շատ մեծ, ընդարձակ՝ Եվրասիական տարածաշրջանում այդ երկու երկրների հետապնդած քաղաքականություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով Էրդողան-Պուտին հանդիպման մասին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն անշուշտ ամեն ինչ անում է օգտագործելու համար Թուրքիայի «обида»-ները, որոնք ժամանակ առ ժամանակ դրսևորովում են Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում:

«Ռուսաստանը փորձում է դեպի իր կողմը քաշել այդ երկրին և թուլացնել իր հանդեպ պատժամիջոցներ սահմանած և պահպանած Արևմուտքին: Այս կտրվածքով՝ օրակարգը բավական հագեցած էր: Հայտարարվեց, որ օրակարգի առաջին խնդիրը Սիրիայում դեէսկալացիայի գոտիների ստեղծումն էր, բայց հասկանալիորեն Թուրքիայի անհանգստությունները պայմանավորված էին ոչ միայն Սիրիայում իրավիճակին և լուծումներին մասնակից լինելու ցանկությամբ, այլև քրդական հանրաքվեով, որի արդյունքում Թուրքիայի համար անցանկալի զարգացումներ գրանցվեցին: Արդեն մի քանի հայտարարություններ են հնչել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք սպառնում են պատժիչ գործողություններ իրականացնել նրանց նկատմամբ, ովքեր կազմակերպել են հանրաքվեն: Այս կտրվածքով՝ մենք պետք է հասկանանք, որ ցանկացած հարց, որը վերաբերում է Սիրիային կամ Իրաքին, Թուրքիայի կողմից օգտագործվելու է այդ պատժիչ գործողություններն իրականացնելու առումով: Ես սպասում եմ որոշակի վտանգների հարուցում Թուրքիայի կողմից այդ  տարածաշրջանի նկատմամբ: Թուրքիան այս պահի դրությամբ մեկ ճանապարհ ունի դա իրականացնելու՝ օգտագործել այն խմբերին, որոնց նախկինում նա օգտագործում էր «Իսլամական պետության» շարքերում»,- նշեց նա:

Ս. Սաֆարյանը նկատեց, որ մյուս կարևոր խնդիրը, որ արծարծվել է Էրդողանի և Պուտինի հանդիպման ընթացքում, դա թուրքական ատոմակայանի կառուցման խնդիրն է, որը դադարեցվել էր թուրք-ռուսական գժտության արդյունքում. «Ասել, թե այս պահին թուրք-ռուսական օրակարգում Հայաստանին վերաբերող խնդիրներ են, ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիայի խնդիրները շատ ավելի մեծ են, քան Ղարաբաղյան խնդիրը և Ադրբեջանին ծառայություններ մատուցելու ցանկությունը, բայց սա չի նշանակում, որ այդ խնդիրը դուրս է ռուս-թուրքական օրակարգից, մանավանդ, որ անցյալ տարի Թուրքիայի արտգործնախարարը շատ հստակ բացահայտեց այն կոնսուլտացիաները, որոնք տեղի են ունենում Մոսկվայի և Անկարայի միջև Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ կարգավորման կոնտեքստում»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս