Բաժիններ՝

ՀՆԱ-ի կառուցվածքը առաջին կիսամյակում՝ ըստ ծախսերի

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. I և II եռամսյակների ՀՆԱ-ի նախնական տվյալների ներկայացումը` հաշվարկված ծախսային (եկամուտների օգտագործման) եղանակով։

Ըստ այդ տվյալների՝ ՀՆԱ-ն ընթացիկ գներով 1-ին եռամսյակում կազմել է 971.9 մլրդ դրամ, 2-րդ եռամսյակում՝ 1 տրլն 205.1 մլրդ դրամ։

2017թ. հունվար-հունիսի ՀՆԱ-ի ծավալը, այսպիսով, 2 տրլն 177 մլրդ դրամ է։

Առաջին կիսամյակի ՀՆԱ-ի 98.4%-ը կամ  2 տրլն 141.3 մլրդ դրամը վերջնական սպառման ծախսերն են։ Այդ թվում՝  1 տրլն 794.8 մլրդ դրամը տնային տնտեսությունների ծախսերն են, 333.9 մլրդ դրամը՝ պետական հիմնարկների։ Նշենք, որ եռամսյակային կտրվածքով՝ այս տարվա երկրորդ եռամսյակը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, վերջնական սպառման ծախսերն ավելացել են 9.3%-ով, այդ թվում՝ տնային տնտեսությունների ծախսերը՝ 10.7%-ով, պետական հիմնարկների ծախսերը՝ 2.4%-ով։

Վերադառնալով ՀՆԱ կառուցվածքին՝ դրա 13.7%-ը (շուրջ 300 մլրդ դրամ) համախառն կուտակումն է։

Ինչ վերաբերում է արտաքին առևտրին, ապա առաջին կիսամյակում արտահանման ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 898.3 մլրդ դրամ, իսկ ներմուծումը՝ 1 տրլն 135.5 մլրդ դրամ։ Արտաքին առևտրի սալդոն առաջին կիսամյակում եղել է բացասական՝ -237.2 մլրդ դրամ։ Այսինքն՝ ՀՆԱ-ի ծավալը արտաքին առևտրի գծով նվազել է 237.2 մլրդ դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս