Նոբելյան մրցանակի չափն ավելացրել են
2017 թվականին Նոբելյան ֆոնդն ավելացրել է դափնեկիրներին վճարվող մրցանակների չափերը՝ 2001 թվականից ի վեր առաջին անգամ: Մրցանակի գումարը կավելանա 12,5 տոկոսով՝ 8 միլիոնից մինչեւ 9 մլն շվեդական կրոն (շուրջ 1,12 մլն դոլար): Այդ մասին հայտնել են ֆոնդում:
2012 թվականին պարգեւի չափը նվազեցրել էին 1949 թվականից ի վեր առաջին անգամ, ինչը պայմանավորված էր տասնամյակների ցածր եկամուտներով եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներով: Այդ ժամանակ վճարումը 10 միլիոնից կրճատվել էր մինչեւ 8 մլն շվեդական կրոն:
«Հաջորդ շաբաթվանից կսկսվի 2017 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների հայտարարումը, եւ մենք ուրախ ենք հայտնել, որ այս տարի մենք մրցանակի գումարն ավելացնում ենք 1 մլն շեդական կրոնով»,- Նոբելյան ֆոնդի մամուլի տեղեկագրում մեջբերվում է դրա նախագահ Կառլ-Հենրիկ Հելդինի խոսքը:
Նոբելյան ֆոնդը հիմնադրվել է 1900 թվականին՝ Նոբելյան մրցանակների ֆինանսների կառավարման եւ կազմակերպման նպատակով: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, դրանք հանձնվում են հինգ բնագավառներում՝ ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի եւ բժշկության, գրականության, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանն աջակցության: 1969 թվականից Շվեդիայի բանկը Ալֆրեդ Նոբելի հիշատակին հիմնել է նաեւ տնտեսական գիտությունների գծով մրցանակ, որը շնորհվում է նույն այդ պայմաններով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: