«ԹՈՒՄՈ»-ի ուսանողների ստեղծած խաղը սովորեցնում է պայքարել կոռուպցիայի դեմ
«ԴիջիԹեք 2017»-ին Թումոյի տաղավարում հյուրերին դիմավորում էին «Նետոյի առասպելը» խաղի հերոսները: Թումոցիներն իրականություն էին դարձրել իրենց կերպարներին և պատմում էին իրենց ստեղծած խաղի մասին:
«ԹՈՒՄՈ»-ի սաները ստեղծել են ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ խաղ, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացված են կոռուպցիայի հետևանքները և առաջարկված են լուծումներ: «Նետոյի առասպելը» անունը կրող խաղում երեխան հնարավորություն ունի ճամփորդելու կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպիսիք են յուրացումը, կաշառքը, չարաշահումները, և խաղացողի առաջադրանքն է՝ օգնել քաղաքի բնակիչներին՝ ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ:
Խաղի հեղինակները պատմում են, որ խաղի միջոցով երեխան սովորելու է, թե ինչ է կոռուպցիան, ինչ հետևանքներ ունի այն, և ինչպես պայքարել դրա դեմ: Խաղի ընթացքում երեխաները ծանոթանում են և պաքարում են մի շարք երևույթների դեմ, ինչպիսիք են՝ կաշառքը, կոռուպցիան, աղտոտվածությունը, և այլն:
Խաղի ստեղծման աշխատանքներն ընթացել են մեկ տարուց ավելի: iOS և Android համակարգերի համար այս խաղը նախատեսվում է թողարկել 2017 թվականի դեկտեմբերին: Նախագիծն իրականացնում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները՝ ծրագրավորման բաժնի ղեկավար Հարմիկ Ազարյանի ղեկավարությամբ, Եվրամիության հետ համագործակցությամբ:
«ԹՈՒՄՈ»-ի և Եվրամիության համագործակցությամբ ստեղծվող «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը վերջերս ճանաչվել էր լավագույն ստեղծարար նորարարությունը եվրոպական բարձրակարգ NICE Awards մրցույթում` հայտնվելով 100-ից ավելի դիմորդներից ընտրված լավագույն հնգյակում։
Սիրարփի Աղաբաբյան