«2017թ. Արցախում կանխատեսվում է ՀՆԱ-ի արդեն ռեկորդային՝ ավելի քան 15 տոկոս աճ». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ Ստեփանակերտում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում Արցախի ներդրումային հիմնադրամի կատարած աշխատանքը, քանի որ գործունեության տասը տարիների ընթացքում այն լուրջ մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Արցախի ներդրումային հիմնադրամի կարևոր առաքելություններից մեկը եղավ այն, որ կարողացավ բանկերի տրամադրած վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ մատչելի ֆինանսական միջոցներ ապահովել տնտեսության համար: Մասնավորապես՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ծառայությունների ուղղություններին հատկացված միջոցների հաշվին մեզ հաջողվել է բազմաթիվ տնտեսական մեծ ու փոքր նոր նախագծեր իրականացնել՝ զարգացնելով տնտեսությունը և ստեղծելով հազարավոր նոր աշխատատեղեր: Պետք է նշեմ, որ անցած տասը տարիների ընթացքում ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովման գործում մեծ է եղել հիմնադրամի դերը, և, շնորհիվ կատարված բոլոր այդ աշխատանքների, 2017թ.-ին Արցախում կանխատեսվում է ՀՆԱ-ի արդեն ռեկորդային՝ ավելի քան 15 տոկոս աճ»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ հիմնադրամի կայացած լինելու հարցում այնքան է մեծացել վստահությունը, որ բանկերը ձեռք են բերում նրա կողմից թողարկած երկարաժամկետ պարտատոմսերը:

Պետնախարարը նշել է նաև, որ Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեության ընթացքում, բացի տնտեսական նախագծերից, իրականացրել է նաև սոցիալական բազմաթիվ ծրագրեր: Նրա խոսքով՝ այս ընթացքում կառուցվել և հիփոթեքային վարկային արտոնյալ պայմաններով տրամադրվել են հարյուրավոր բնակարաններ, իսկ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված տնտեսական խնդիրների անցնցում հաղթահարման համար հիմնադրամի միջոցներով բանկերում վերակառուցվել են գրեթե բոլոր վարկային պորտֆելները, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն անխափան շարունակեն իրենց գործունեությունը: Համաժողովի շրջանակում Ա. Հարությունյանը նաև ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Յուրկանի և Հարավային Օսիայի Հանրապետության տնտեսական զարգացմաննախարար Գենադի Կոկոևի գլխավորած պատվիրակություններին:

Պետնախարարը ողջունել է հյուրերին՝ հերթական այցի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ կազմակերպված տնտեսական համաժողովին մասնակցելու համար և հույս հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա Արցախի և իրենց երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ճանապարհին: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության պատվիրակությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված են Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշներով: Նրանց խոսքով՝ Արցախի հետ համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, և վերադառնալուն պես ձեռնամուխ կլինեն այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս