
Թուրքիայի քրդամետ կուսակցությունն ամփոփել է Փայլանի Հայաստան կատարած այցը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտոնական կայքում պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայաստան կատարած այցի մասին հաղորդագրություն է տեղադրել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Փայլանը Հայաստանում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6–րդ համաժողովին:
Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Փայլանը, հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպումներում քննարկման օրակարգում եղել են Թուրքիայի ներքին քաղաքական իրադրությունը և այն պայմանները, որոնցում գտնվում է այդ երկրի հայկական համայնքը, ուշադրություն է հրավիրել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացը սկսելու անհրաժեշտության վրա: Նա տեղեկացրել է, որ այս հարցում պատրաստ է անել իր հասանելիք ամեն բան: Փայլանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են Թուրքիայի հետ երկխոսության ցանկություն ունենալ»,- ասվում է կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ: