«Ես բերդից եմ դուրս եկել,այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն՝ չէ». Վազգեն Խաչիկյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով վաղաժամ դադարեցվել է նրա պատժի կրումը:

Տեղեկություններ եղան, որ Խաչիկյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևան: Armtimes.com-ին հաջողվեց այս և մի քանի այլ հարցեր ուղղել Վազգեն Խաչիկյանին:

– Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվելու: Քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ կրկին անդամակցեք ՀՀԿ-ին: (ՀՀԿ կանոնադրության համաձայն,կուսակցության անդամատոմսը սառեցվում է, եթե կուսակցության անդամը գտնվում է ՔԿՀ-ում:)

– Աստված գիտի, թե ինչով եմ զբաղվելու: Աստծո գործերն անքննելի են: Այդ թվում և ձեր հարցը:

– Պարոն Խաչիկյան, մինչ Դուք խուսափում եք ՀՀԿ-ին միանալու մասին հստակ բան ասել, Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ դուք ընկերներ եք: Ի՞նչ է նա ակնարկում:

– Վատ բան կա՞, որ ՀՀԿ-ականները իմ ընկերներն են, Շարմազանովը իմ մտերիմ ընկերն է: Միայն նա չէ իմ ընկերը, ես ունեմ ընկերներ ոչ միայն ՀՀԿ-ում, այլ նաև՝ այլ կուսակցություններում:

-Երեկ հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ, շնորհակալություն հայտնե՞լ եք հրամանագրի համար:

– Ո՛չ, նախագահական չեմ գնացել: Ոչ միայն նախագահական չեմ գնացել, այլ նաև նախագահականի շառավղով մի քանի կիլոմետր մոտ չեմ էլ եղել:

– Բայց Երևանում եղե՞լ եք:

– Ալավերդիում եմ, պատկերասրահում նկարներ եմ նայում:

Իսկ Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք պատրաստվում շնորհակալություն հայտնել:

– Շնորհակալ եմ բոլոր մարդկանց և Աստծուն, որ բարեհաճ են եղել իմ անձի հանդեպ: Իսկ, թե այդ մարդկանց մեջ ովքեր են մտնում, Աստված գիտի: Մի բան ասեմ`ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն` չէ, որ ասում եմ չեմ խոսի, ուրեմն՝ չեմ խոսի, հարցեր մի՛ տվեք:

– Այսինքն՝ որոշել եք արդեն բերդի օրենքներո՞վ ապրել:

– Ասում եմ`Աստվածաշնչում ասվում է «հա»-ն հա է, «չէ»-ն չէ:

– Պարոն Խաչիկյան, իսկ մեր քրեակատարողական հիմնարկներում վիճակը ինչպիսի՞ն է: Դատապարտվածները, որ դուրս են գալիս, պայմաններից բողոքում են:

– Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում վիճակն այնպիսին է, ինչպիսին չէ եվրոպական երկրների շատ կառույցներում, այսինքն լավ է: Փառք Աստծո:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս